Լրահոս
Օրվա լրահոսը

Զատուլինը հայտարարվել է ոչ թե persona non grata, այլ որպես օտարերկրացի, նրա մուտքը արգելվել է ՀՀ տարածք. Նորայր Նորիկյան

Հոկտեմբեր 26,2022 15:09

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստանի Հանրապետություն մուտքի արգելքի քաղաքական բաղադրիչին կանդրադառնամ այսօր ավելի ուշ, սակայն զուտ իրավական տեսանկյունից հարկ եմ համարում արձանագրել հետևյալը․ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի Գ և Զ ենթակետերի համաձայն՝ Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե՝

Գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝ – վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, – իրականացնել ահաբեկչական գործունեություն, – սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ – իրականացնել մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում.

Զ) Գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ. Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված անձանց մասին տվյալները մտցվում են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկ: Տվյալների բանկը վարում է ՀՀ ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, այլ կերպ ասած՝ ԱԱԾ-ն։

Ենթադրում եմ, որ Կ․ Զատուլինի մուտքը ՀՀ տարածք արգելվել է վերը նշված դրույթների հիման վրա, քանի որ ակնհայտ է, որ նույն օրենքով ամրագրված այլ սահմանափակումները որևէ կերպ վերաբերելի չեն նրան։ Ինչ վերաբերում է նրան անցանկալի անձ (persona non grata) ճանաչելուն, ապա հարկ եմ համարում ընդգծել, որ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի տրամաբանության լույսի ներքո անցանկալի անձ (persona non grata) կարող է հայտարարվել ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող որևէ օտարերկրյա պետության աշխատակից։ Հետևաբար՝ վերը նշվածի հիմքով, Կ․ Զատուլինը հայտարարվել է ոչ թե անցանկալի անձ (persona non grata), այլ որպես օտարերկրացի, նրա մուտքը արգելվել է ՀՀ տարածք, քանի որ նա ՀՀ-ում դիվանագիտական գործունեություն չի իրականացնում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31