Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Սահմանադրության փոփոխության նախագծով առաջարկվում է ամրագրել սահմանադրաիրավական փոփոխությունների իրականացման առավել ճկուն գործիքակազմ՝ այդ կերպ կանխելով սահմանադրական հնարավոր ճգնաժամերը

Հոկտեմբեր 26,2022 14:46

Հոկտեմբերի 26-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգում «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի և Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի քննարկման հարցերն էին:

Նախագծերի փաթեթն ընդգրկում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում և թվով 2 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծեր:

Օրենքների նախագծերի փաթեթով, որը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժ. Միրզոյանը, նախատեսվում է հոգեբուժական կազմակերպություններում բուժվող անձանց հնարավորություն տալ ստանալու անվճար իրավաբանական օգնություն,որը կտրամադրվի հանրային պաշտպանի նշանակած փաստաբանը, իսկ «Փաստաբանության մասին» օրենքում կատարվող փոփոխություններով հիմք է ստեղծվում հանրային պաշտպանի գրասենյակի համար տրամադրելու անվճար իրավաբանական օգնություն նշված անձանց:

Նախարարի փոխանցմամբ՝միաժամանակ նախատեսվում է անվճար իրավաբանական օգնության իրավունք վերապահել նաև 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից տեղահանված անձանց:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարվող փոփոխությամբ նախատեսվում է լրացնել դրույթ՝ համաձայն որի քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործերի քննության ժամանակ պարտադիր է նաև հանրային պաշտպանի կամ փաստաբանի ներկայությունը, սակայն փաստաբանի խելամիտ վարձատրության  համար գումար վճարելու պարտավորությունից դիմողները չեն ազատվի:

Փաթեթը, որը մշակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրական հարցերի վարչության օրենսդրության կատարելագործման բաժնի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ, դրական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը:

Օրակարգի հաջորդ հարցը Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի քննարկումն էր:

ԱՀ Նախագահին առընթեր  սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ  Ա. Լազարյանի ներկայացմամբ՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծով առաջարկվում է ամրագրել սահմանադրաիրավական փոփոխությունների իրականացման առավել ճկուն գործիքակազմ՝ այդ կերպ կանխելով սահմանադրական հնարավոր ճգնաժամերը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս իրավիճակը, ներքին և արտաքին սպառնալիքները: Սահմանադրաիրավական փոփոխությունների ճկունությունն ապահովելու նպատակով առաջարկվում է վերանայել Սահմանադրության փոփոխման եղանակներին առնչվող իրավակարգավորումները՝ անփոփոխ թողնելով գործող Սահմանադրության 163-րդ հոդվածը, համաձայն որի Սահմանադրության 1-4-րդ և 163-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն:

Արդյունքում առաջարկվում է սահմանել, որ Սահմանադրությունը և Սահմանադրության 175-րդ հոդվածում «Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները» փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեով՝ անփոփոխ թողնելով Սահմանադրություն ընդունելու, փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեցողների շրջանակը:

Նախագծով, միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, Հանրապետության նախագահի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն հինգ տոկոսի նախաձեռնությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

Նախագիծն  արժանացել է հանձնաժողովի հավանությանը, և 1-ին ընթերցմամբ այն կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31