Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը չի օկուպացրել ՀՀ տարածքը: Սահմանն այնքան անհասկանալի է». Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանը՝ Aravot.am-ին

Հոկտեմբեր 26,2022 14:08

«Ադրբեջանը չի oկուպացրել ՀՀ տարածքը»,- Aravot.am-ի փաստմանը՝ վերջին շրջանում ակտիվորեն առաջ է մղվում խաղաղության օրակարգը, բայց զուգահեռաբար՝ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և հարցին՝ չե՞ք կարծում, որ առանց Ադրբեջանի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալու խաղաղության մասին խոսելն անիրատեսական է, Ժնևի շվեյցարական մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսկանդարովը:

Նա Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանն է 2021-ից:

Ֆուադ Իսկանդարովը նկատեց՝ կարևոր հարց ենք բարձրացնում և մանրամասնեց. «Սա շատ կարևոր հարց է, քանի որ եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, մենք կարող ենք հղում կատարել, որ ՀՀ զինված ուժերը գտնվում են այն տարածքներում, որոնք գտնվում են ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Իսկ սա ամբողջովին հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը: Մենք կարող ենք խոսել ադրբեջանական անկլավների մասին, որոնք օկուպացվել են ՀՀ-ի կողմից: Այնքան շատ հարցեր կան, որ հենց դրա համար էլ պետք է խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումներ ունենանք, որպեսզի դրանք լուծվեն»:

Այնուհետև, կրկնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, դեսպանը հայտարարեց. «Ուզում եմ ուղղակի կրկնել մեր նախագահի խոսքերը: Մենք չենք օկուպացրել ոչ մի գյուղ, ոչ մի քաղաք ՀՀ տարածքում: Հարյուրավոր մեր գյուղերը, քաղաքները 30 տարի եղել են ՀՀ-ի կողմից օկուպացված: Ոչ մեկը չէր խոսում այդ մասին: Եթե դուք առաջ եք մղում այս հարցերը, մենք էլ սրանք առաջ կմղենք, ու այդ դեպքում մենք չենք ունենա ոչ մի հնարավորություն խաղաղության համաձայնագրի համար: Խաղաղության հաստատման հետ կապված բանակցությունները և խաղաղության պայմանագիրը միտված է հատկապես այս խնդրահարույց հարցերի լուծմանը»:

Կրկին անդրադառնալով մեր այն փաստմանը, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, Ֆուադ Իսկանդարովն ասաց. «Ադրբեջանը չի օկուպացրել ՀՀ տարածքը: Սահմանն այնքան անհասկանալի է: Այդ բլուրներից այնքան շատ հարձակումներ են գրանցվել ադրբեջանական կողմի վրա, ականներ են տեղադրվել մեր տարածքներում: Չեմ ուզում քննարկել հարցը, թե ով է ճիշտ, ով՝ սխալ: Մենք խոսում ենք այս բոլոր խնդիրների լուծման մասին: Խաղաղության պայմանագիրն այն հիմնարար փաստաթուղթն է, որի վրա պետք է հիմնված լինի մեր հետագա աշխատանքը: Եթե ասենք, որ մենք չենք ուզում խաղաղության պայմանագիր, իրավիճակը կարող է ավելի վատթարանալ: Ուստի մեր հարևան Հայաստանին ուզում եմ հորդորել, որ աջակցեն խաղաղության պայմանագրի բանակցություններին»:

Նշենք նաև, որ ասուլիսին միացել էինք առցանց` zoom հարթակում, ուստի արձագանքի հնարավորություն չկար, կազմակերպիչներն անջատում էին բարձրախոսը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31