ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե Արևմուտքն ինքնափիարով է զբաղվում, երբ փորձում է միջամտել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործընթացին:
«Մեր միակ նպատակն է տեսնել և օգնել այս երկրներին աշխատել միասին՝ համապարփակ և տևական խաղաղություն հաստատելու և, ի վերջո, կյանքեր փրկելու համար: Ես չգիտեմ, թե դա ինչ կարող է մեկնաբանվել որպես ինքնափիար,- ասել է Փրայսը: – Ինչպես ընդգծել է քարտուղարը, մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Մենք երկու ղեկավարներին էլ խրախուսել ենք հանդիպել այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար: Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Ահա թե ինչու պետքարտուղար Բլինքենը սեպտեմբերին Նյու Յորքում մի տեղում հավաքեց իր գործընկերներ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, առաջին անգամ վերջին բռնությունների բռնկումից հետո»:
Անդրադառնալով Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների սպասվող հանդիպմանը, Փրայսը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը իրենք պետք է որոշեն, թե որքանով արդյունավետ կամ օգտակար կլինի նախագահ Պուտինի հրավերն իրենց համար՝ կայուն խաղաղությանը հասնելու գործում:
«2008թ. Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և նրա շարունակական դաժան ներխուժումը Ուկրաինա վկայում են այն մասին, որ Մոսկվան քիչ է հարգում իր հարևանների ինքնիշխանությունը և դժվար թե հուսալի, երկարաժամկետ գործընկեր լինի: Բայց, ի վերջո, սա պետք է լինի որոշում, որին պետք է հանգեն Հայաստանն ու Ադրբեջանը»,- ասել է Փրայսը:
Կարդացեք նաև
Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ը մեծ աջակցություն է ցուցաբերում Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը: «1991թ. Խորհրդային Միությունից Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախության վերականգնումը կարևոր իրադարձություն էր, որը այս երկրներից յուրաքանչյուրի համար երաշխավորեց իրավունք՝ հետապնդելու իրենց արտաքին քաղաքական շահերը՝ անկախ Մոսկվայից կամ որևէ այլ երկրից»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ