««Հայկական ժամանակը», վկայակոչելով իր տեղեկությունները, գրել է, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է. «Զատուլինն այլեւս համարվում է անցանկալի անձ Հայաստանում»: ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն այս քայլը հետեւյալ կերպ որակեց.
— Զատուլինի հետ նման կերպ վարվելը ամոթի ու լկտիության գագաթնակետն է, սա ուղիղ հարված է հայ-ռուսական դարավոր բարեկամությանը: Զատուլինն այն եզակիներից է, ով մշտապես արտահայտել է հայամետ դիրքորոշում, ու այսօր քննադատության համար նրա հետ այս կերպ վարվելը ուղղակի ստորություն է:
Սկսել եմ ամաչել, որ հայ եմ, այս ի՞նչ եք անում իմ ազգի գլխին, իմ ճանաչած հայն ընդունակ չէր նման էժան քայլի: Այս ամենը եկավ ՌԴ դեսպանատան մոտ ցույցերից, երբ գոռում էին, թե` դեմ ենք ՌԴ-ի հետ բարեկամությանը, դե, քանդեք ամեն ինչ: Հետո ո՞ւմ եք ասելու, որ գան ձեզ փրկեն: Ամերիկայի հե՞տ եք սկսել հարաբերություն հաստատել, իսկ դուք մտածո՞ւմ եք, որ Ամերիկան անգամ Հայաստանի տեղը չգիտի: Զատուլինի հետ նման կերպ վարվելը հիմքից հարված է հայ-ռուսական հարաբերություններին, այսքանը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: