Մենք արդեն հատուցեցինք։ Բարոյական անկման հատակում պետությունը գիշատող քրեաօլիգախիայի և նրա կողմից տարիներ շարունակ ստրկացվող հասարակության ու կառավարվող մտավորականության լռության հետևանքով ազգովի հատուցեցինք «Արցախյան 44-օրյա» պատերազմում քավության նոխազ դարձած 21-րդ դարի մեր, և միայն մեր Տեսակի ոսկեղենիկ Սերնդով, Արցախի հանձնումով, Շուշիի անկմամբ: Այս ամենով վճարելով նաև, նախևառաջ, «Հոկտեմբերի 27-ի» գինը, որովհետև հայոց նորանկախ պետության հիմքերը խարխլող դարասկզբի դավադիր այդ ոճիրը Հայաստանը հենց այս հանգրվանին հասցնելու ծրագիրն ուներ:
Պետք չէ քաղաքական մտքի լաբիրինթների մեծ գիտակ լինել տեսնելու համար այն վերահաս Աղետը, որը հայատյացության մանիայով տառապող, Ալիևի բռունցքով պատրաստվում են «Զանգեզուրի միջանցքը» ջարդել մեր ռուսահպատակ գլխին:
Հայաստանը աշխարհներ կապող իր աշխարհագրական դիրքի պատճառով հազարամյակներ շարունակ եղել է կռվախնձոր գերտերությունների ու կայսրությունների միջև: Այս իմաստով՝ նույնիսկ փոքրիկ «Զանգեզուրի միջանցքը», որը համարվում է ռուս- թուրքական դարավոր դաշինքի անկյունաքարն ու իրագործելիք «դարի գործարքը», շատ ավելի արժեքավոր է, քան նույնիսկ, որոշ մեծ երկրներ: (Զանգեզուրյան ռուսական երազանքի պատճառով չէ՞ր, որ Կրեմլի խոսափողերից մեկը՝ Մ. Զախարովան, երկար ժամանակ Հայաստանի իշխանությանը և հայ ժողովրդին նախատում, «ամոթանք» էր տալիս Զանգեզուրի ազատության խորհրդանիշ Նժդեհի արձանը Երևանում կանգնեցնելու համար…):
…Իսկ Համահայկական Սփյուռքը լռում է…
Կարդացեք նաև
(Տպավորություն է, թե Սփյուռքի համար «Մերժիր Սերժին» մերժողի ու մերժվողի սցենարով իրականացվող դիմակների կրկեսն ավելի համահայկական խնդիր ու հրամայական էր, քան հորդաների հարձակմամբ օրավուր պակասող Հայաստանը): Որևէ մեկը պատկերացնու՞մ է, եթե Ղարաբաղյան շարժման և Արցախի ազատագրման շնորհիվ աշխարհին հայտնի դարձած Ադրբեջան կոչվող այդ արհեստածինը սփյուռք ունենար՝ ինչեր կաներ: Կամ, եթե Ուկրաինան ունենար մեր նման Սփյուռք՝ ձայնը ո՞ր մոլորակներին կհասներ:
ԱՅՍՕՐ, ավելի, քան երբևէ,
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՓՅՈՒՌՔԻ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ՝ ոչ ընդամենը նյութական աջակցության, այլ Համակողմանի Պաշտպանության կարիք ունի: Այսօր աշխարհը, ավելին՝ մեր թշնամին, պետք է զգային մոլորակի բոլոր ծագերում Հայաստանի թիկունքին կանգնած շուրջ տասը միլիոնանոց Սփյուռքի ուժը: Հայաստանը ռուս-թուրք-ադրբեջանական Բերմուդյան եռանկյունու հորձանուտում է: Մենք կորցնում ենք մեր վերջի՛ն Հայաստանը:
1915 թվականին Հայոց բնօրրանում ցեղասպանվող հայ ժողովուրդը Սփյուռք չուներ, բայց թիկունքին ուներ մեր մեծ Հայրենիքից մազապուրծ այս փոքրիկ բեկորը, որը Հայաստան է կոչվում: Այստեղ տրոփող մեր կենսատու արմատը մեզ ներարկեց կրկին հարություն առնելու ոգեղենը և ուժը՝ շարունակելու Հայկի առնական Ցեղը: Սա մեր վերջին Հայաստանն է՝ թիկունքին՝ միակ ապավենը՝ Համահայկական Սփյուռքը:
Այն, ինչ հնարավոր չէ անել զենքով՝ արվում է գրչով: Այսօր Սփյուռքն ամբողջ աշխարհում Համահայկական Դիվանագիտական պատերազմ պետք է սկսի՝ հայերի վերջին ցեղասպանությունը Ադրբեջանի ձեռքով մաս-մաս իրականցվող թուրքական ծրագիրը կանխելու համար:
Որտե՞ղ են աշխարհի հանրահայտ հայերն ու մեծահարուստները: Ինչո՞ւ չեն օգտագործում իրենց քաղաքական, ֆինանսական, անձնական կապերն ու հնարավորությունները միջազգայնորեն կազմակերպելու Հայաստանի պաշտպանությունը՝ ընդհու՛պ Հայրենիքն ամբողջությամբ զինապատելը, ընդհու՛պ Ամերիկայի և եվրոպական պետությունների կողմից ագրեսորին պատժամիջոցների ենթարկելու իրագործմանն հասնելը: (Այս իմաստով, բարձրաձայնելով նաև ընտրովի արդարության անարդարացիությունը: Հզորները կանգնել են լայնատարած Ուկրաինայի թիկունքին, մինչդեռ ցեղասպանի երախում հայտնված անզեն ու միայնակ Հայաստանը, իրեն սատարող բառերից դուրս, տակավին անզեն է ու միայնակ):
Առաջիկայում աշխարհի գերտերությունների և միջազգային տարբեր կառույցների կողմից Հայաստանի ճակատագիրը որոշող, և ոչ միայն, տարաբնույթ համաժողովներ, հանդիպումներ, քննարկումներ են սպասվում: Այդ միջոցառումները չպետք է անցնեն Հայկական Սփյուռքի աններելի լռությամբ, ինչպես դա եղավ Եվրոպական քաղաքական համայնքի վերջերս կայացած գագաթնաժողովի ժամանակ:
Գերտերությունների բոլոր հանդիպումները պետք է անցնեն աշխարհի բոլոր ծագերում ապրող հայերի և նրանց կողմից համացանցը ողողած շատ բարձր կոչնազանգով առ այն, որ մինչ քաղաքակիրթ երկրները զբաղված են նաև Ցեղասպանի հետ քաղաքավարի ձեռքսեղմումով՝ վերջինիս կողմից և իրենց իսկ բաց աչքի առաջ տեղի են ունենում հազարամյակների խորքից եկող մշակութային Հայ Ազգի՝ իր իսկ բնօրրանում վերջնականորեն բնաջնջման ադրբեջանական ռազմական նախամարդկային հանցագործությունները:
Սյունյաց աշխարհի կորուստը վերջ կդնի մեր պետականությանը, և Սփյուռքի գոյությանն առհասարակ, կամ ի՞նչ արժե անհայրենիքների գոյությունը: Աշխարհում որքան ազգեր ու ցեղեր կան, որ պետություն չունենալու պատճառով ապրում են որպես անանուն ոչ ոք: Հայաստանը, մեր հսկա Հայրենիքի հաստաբուն կաղնուց մնացած միակ ոստը՝ մեր հարատևությունն ու մեզ աշխարհին կապող միակ պորտալարն է, և Զանգեզուրի «միջանցք» սուր յաթաղանը չի՛ իջնելու նրա վրա:
-Աշխարհի հայեր… Վաղն արդեն ուշ է…
Հ․Գ․Հայաստանում նախատեսվող Համահայկական համաժողովը, (առաջին անգամ այն տեղի ունեցավ 1999թ. սեպտեմբերին Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ,որը Հայաստանի տնտեսության զարգացման գործում Սփյուռքի գործարարների հետ փոխհամագործակցության ծրագիրն ուներ) փակ տարածքի համար է և չի կարող ողջ Սփյուռքը, Սփյուռքի ամբողջ ներուժը և ներկայիս մեծագույն օրհասականը՝ Հայաստանի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության ու պետականության կորստի արդեն իսկ վտանգված իրականությունը ներկայացնել ողջ աշխարհի հանրությանը:
Հայաստանին սպառնացող վերահաս այս աղետի կանխումը թերևս հնարավոր է Սփյուռքի կողմից մոլորակով մեկ կազմակերպվող բողոքի բոլոր հնարավոր և թույլատրելի ակցիաների, ցույցերի, հանրահավաքների չմարող բողոքի ալեկոծությամբ՝ ընդդեմ Հայ ժողովրդի նկատմամբ իրագործվող թուրք-ադրբեջանական ցեղասպան ագրեսիայի: (Միաժամանակ տեսակապերով ցուցադրելով բոլոր երկրներում բարձրացված բողոքի ու փրկության ալիքը): Սրան զուգահեռելով և՛ Համահայկական գագաթնաժողովը, և՛ հնարավոր այն ամենը, ինչը կնպաստի կանխելու մեր Հայրենիքին պատած վերջին կործանարար արհավիրքը՝ «Զանգեզուրի միջանցքով» Հայաստանի պետականության կորուստը:
Անահիտ Քնարյան
Բանաստեղծ-հրապարակախոս
Հեղինակը շատ կարևոր հարց է բարձրացնում, բայց կյանքը ցույց է տվել, որ Սփյուռքն ակտիվանում է, երբ Երևանում մարդիկ լցվում են փողոցներն ու հրապարակները և պայքարում են ազգի համար կարևոր որևէ բանի համար: Այլ կերպ ասած, Սփյուռքը միշտ հետևում է Հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին և որոշակի ուշացումով արձագանքում է Երևանին:
Որպեսզի Սփյուռքը դառնա ակտիվ խաղացող և ավելի լուրջ դերակատարություն ունենա հայ ազգի համար կարևոր իրադարձություններում, անհրաժեշտ է դա կազմակերպել Հայաստանից՝ Սփյուռքին տալով որոշակի լիազորություններ, նրա հետ համատեղ քննարկել ազգային ծրագրեր և կատարել աշխատանքի բաժանում: Իսկ առանց դրա՝ Սփյուռքի առանձին համայնքներն ինքնուրույն չեն էլ կարող կողմնորոշվել, թե իրենց որ գործողությամբ կարող են օգնել Հայաստանին և որով՝ խանգարել: