Անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը գրավել է Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք։ Այս մասին օրերս Սանկտ Պետերբուրգում հայտարարել էր ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ՀԱՊԿ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ընթացքում։ Նկատենք, որ մեր հարցումներին, թե ՀՀ սուվերեն տարածքից ինչքան են զավթել ադրբեջանցիները, ՊՆ-ից պատասխանում են, թե դրանք գաղտնի տվյալներ են՝ հրապարակման ենթակա չեն։
Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, թե սեպտեմբերի 13-ի հարձակման հետեւանքով Ադրբեջանը 10 քառակուսի կիլոմետր է օկուպացրել, իսկ 2021-ին՝ 41։ Պաշտոնապես հրապարակված այս թվերի գումարը 51 է, անհայտ է մնում մնացած 76 քառակուսի կմ-ի հարցը։
Զրուցեցինք ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հետ։
– Ձեր գործընկերը սենսացիոն հայտարարություն է արել, որ 1 տարվա ընթացքում 127 ք/կմ ենք ՀՀ սուվերեն տարածքից կորցրել։ Մինչդեռ պաշտոնապես այլ թվեր են ներկայացնում եւ անընդմեջ շեշտում, որ մեր 9 800 ք/կմ տարածքի հարցը կարմիր գիծ է։ Ինչպե՞ս է այսպես ստացվել, եւ ո՞վ է ճիշտ։
– Ես մի բան կարող եմ ասել, որ ամեն ինչ անելու ենք, որ այդ տարածքները հետ բերենք։ Չեմ ուզում ծայրահեղական հայտարարություններ անել, բայց ամեն ինչի պիտի պատրաստ լինենք, որովհետեւ, եթե մեր սուվերեն տարածքը գրավել են, դա արդեն չի կարող ցանկացած հայի հանգստություն պատճառել։ Ինչ գնով էլ լինի, մենք այդ տարածքները հետ ենք բերելու։
– Ասում էիք՝ Արցախը նախկիններն էին հանձնել նախապես, դուք եկաք՝ կոտրվեց ձեզ վրա, հիմա ստացվում է, որ Հայաստանն է՞լ են հանձնել։
– 20-21թթ․ եւ մինչ օրս տեղի ունեցող ոտնձգությունների ժամանակը շատ երկար չի, հարցեր կան, որ չեմ ուզում փակագծեր բացել, ասել, թե որ պետությունները մեզ խաբեցին։ Կային պետություններ, որոնց հետ համագործակցում էինք, ակնկալիքներ ունեինք ոչ թե օգնության կարգով, այլ՝ համագործակցության։
– Որպես իշխանության ազգայնական թեւի ներկայացուցիչ՝ կո՞ղմ եք խաղաղության պայմանագրին, որով Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչելու են միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Արցախը հայտնվելու է Ադրբեջանի կազմում։
– Գիտեք ինչ, այն, ինչն իմ ազգայնական լինելու մեջ է եւ դրանից բխող, դա այլ հարց է, այլ հարց է իրականության հետ հաշվի նստելն ու հաշտվելը։ Երբ առերեսվում ես իրականության հետ ու հասկանում՝ լուծվող եւ անլուծելի հարցերը որոնք են, ըստ այդմ՝ պիտի դնես հարցը նժարին՝ միգուցե ծայրահեղ ազգայնական լինելը բերի ավելի՞ մեծ վտանգի, քան համերաշխության գծերով խնդրի կարգավորումը։
– Այսինքն՝ պահը թելադրում է, որ հրաժարվե՞նք Արցախից։
– Ոչ, Արցախից ոչ մեկը չպետք է հրաժարվի, այն 30 տարի եղել է սկուտեղի վրա, որը տարբեր հարթակում, տարբեր կերպ մատուցվել է, Արցախը ոմանց համար եղել է փող լվանալու միջոց, ոչ մեկս կույր չենք, տեսել ենք՝ որքան գումար է տրվել Արցախին, եւ ինչ են եղել այդ գումարները, մինչ օրս ինչ ունենք։ Իսկ հիմա արվում են հստակ եւ գործուն քայլեր, որը բխում է Արցախի ժողովրդի շահերից։
– Արցախի հանձնումը, Արցախն Ադրբեջանի տարածքային մաս ճանաչելու հեռանկարը բխում են արցախցիների՞ շահերից։
– Մենք Արցախը չենք թողնում Ադրբեջանի կազմում, Արցախը աշխարհն է թողել Ադրբեջանի կազմում, ցավալիորեն, հիմա մենք Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցն ենք քննարկում՝ ինչպիսին պետք է լինի։ Մեր ցանկությունն ու գայթակղությունը շատ մեծ է՝ ունենալ Արցախը որպես հայկական հող, Արեւմտյան Հայաստանը, ունենալ այն, ինչը որ ունեցել ենք։ Դուք ո՞նց եք կարծում՝ ես, լինելով ազգայնական, կարո՞ղ եմ գնալ մի այնպիսի փաստաթղթի ստորագրման, որը չբխի մեր շահերից, լինի հակահայ։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: