«Լազարյան ակումբի» խորհուրդը այսօր երեկոյան նիստ է անցկացրել և կայացրել որոշում՝ չեղարկել Մոսկվայից հոկտեմբերի 28-ին Երևան ժամանող ակումբի պատվիրակության այցը, քանզի կազմում ընդգրկված անդամները վստահ չեն, թե Հայաստանի իշխանությունների կայացրած որոշումը Կոնստանտին Զատուլինի նկատմամբ ինչպիսի անդրադարձ կունենա պատվիրակության մնացյալ անդամների վրա, այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց պարոն Զատուլինը:
«Ես հերքում եմ այդ որոշման դրդապատճառն առ այն, որ իբրև թե ես արել եմ հայտարարություններ, որոնք վնասում են հայ-ռուսական հարաբերություններին: Ես, հակառակը, կարծում եմ, որ այդ հենց այդ որոշումն է փորձ կատարում խաթարելու մեր հարաբերությունները: Մենք քննարկեցինք այսօր իրավիճակը և եկանք այն եզրակացության, որ Մոսկվայից Երևան ուղևորվող պատվիրակության այցը չեղարկում ենք, քանի որ անհասկանալի է, թե ինչքան հեռու կարող է գնալ այդ սադրանքը: Սակայն, մենք որոշեցինք, որ չնայած ստեղծված իրավիճակին, մենք կանցկացնենք նախատեսվող «Լազարյան ակումբի» հերթական նիստը Երևանում՝ երևանյան անդամների մասնակցությամբ, իսկ Մոսկվայի մասնակիցները կմիանան նիստին օնլայն ֆորմատով, այդ թվում նաև ես: Նիստի թեման ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան է»,-փոխանցեց Զատուլինը:
Պարոն Զատուլինը հայտնեց նաև, որ «Լազարյան ակումբը» վաղը հանդես կգա հայտարարությամբ և նշեց, որ ռուս դիվանագետները նույնպես զբաղվում են խնդրով:
«Ես շփվել եմ ՌԴ արտգործնախարարի, փոխարտգործնախարարների հետ և ինձ հայտնեցին, որ արտգործնախարարությունը պատրաստում է նոտա՝ դեպքի հետ կապված, որը նպատակ ունի պարզել Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը այս իրավիճակի կապակցությամբ, քանի որ մենք ոչ մի կերպ չենք կարողանում հասկանալ կատարվածը: Մեզ համար տարօրինակ է ընտրված մեթոդը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ինչ-որ պաշտոնյա հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորի այցը արգելող որոշման մասին նամակով»:
Կարդացեք նաև
Կոնստանտին Զատուլինը հարցին, թե արդյո՞ք այդ որոշումը ունի ոչ թե անձնավորված, այլ քաղաքական կոնտեքստ, համոզմունք հայտնեց, որ, դժվար չէ հասկանալ, որ այն ունի հենց քաղաքական ենթատեքստ:
«Որոշումը ինձ է վերաբերում, սակայն, իհարկե այն ունի քաղաքական երանգ: Դա, որոշ ժամանակ առաջ, Հայաստանի կողմից որդեգրած քաղաքական կուրսի շարունակությունն է՝ Արևմուտքի հետ հարաբերությունների լավացում, Ռուսաստանի հետ հարաբերություններն ապամոնտաժելու միջոցով: Վաշինգտոնյան դեկլարացիայի շուրջ քննարկում-երկխոսությունները, որտեղ Ռուսաստանը ոչ մի կերպ չի հիշատակվում և որով, փաստացի հանձնվում է Արցախի հայկական ազգաբնակչությունը: Բնակչություն, որի անվտանգությունը այսօրվա դրությամբ վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից: Խաղաղապահների մասին այդ դեկլարացիայում, նույնպես, ոչ մի հիշատակում, ինչպես դուք գիտեք»:
Կոնստանտին Զատուլինը փաստում է, որ կատարվածը աննախադեպ բան է, քանզի անհնար է հիշատակել դեպք, երբ Հայաստանը կամ Ռուսաստանը երբևէ արգելել են որևէ պատգամավորի մուտք:
«Ես կարող եմ հպարտանալ՝ առաջամարտիկ եմ այդ հարցում: Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները որոշեցին գնալ Ադրբեջանի իշխանությունների ճանապարհով, երբ դեռ 2010 թվականին վերջիններս ինձ արգելեցին մուտքը Ադրբեջան: Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ նոտաներ ու բողոքի նամակներ է հղել ՌԴ արտգործնախարարություն, Պետդումա՝ պահանջելով ինձ ռեպրեսիաների ենթարկել: Գիտեք, ես կարծում եմ, որ ցանկացած երկիր ինքնիշխան իրավունք ունի արգելելու որևէ անցանկալի անձի մուտքը իր տարածք, սակայն, մոտեցումը այս պարագայում տարօրինակ է: Ինչ-որ պաշտոնյա, թեկուզ և նախկին դեսպան, ի դեպ նա Հայաստանի դեսպանն է եղել Ուկրաինայում, դա նույնպես հետաքրքրական փաստ է, հայտնում է ինձ, որ իմ այցը Հայաստան անցանկալի է: Եվ Ադրբեջանն է բազմիցս իմ հետ կապված նոտաներ հղել, և Ուկրաինա,ՙ բայց ես առաջին անգամն եմ տեսնում, որ դա անի Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետը: Կարծում եմ, որ դա վախկոտությունից ընտրված մեթոդ է, որպեսզի իշխանական այլ օղակների հանդեպ հարցեր չառաջանան, սակայն, այն, որ այդ գործողությանը սանկցիա է տվել հենց բարձրագույն իշխանությունը՝ անձնապես վարչապետի գիտությամբ, ոչ մի կասկած չի հարուցում: Մենք, անկեղծ ասած, սկզբում այդ մասին տեղեկացանք ոչ թե նամակից, այլ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցից»:
Զատուլինը հայտնեց նաև, որ Երևանում վերջին անգամ եղել է այս տարվա սեպտեմբերին 16-18-ին և հայտնի աղմկահարույց հարցազրույցը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տվել է ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում:
«Ես Երևանում ոչ մեկին հարցազրույց չեմ տվել: Վերադարձել եմ Հայաստանից, կոնկրետ Ջերմուկից, որտեղ ծանոթացել եմ իրավիճակին և Մոսկվայում տվել եմ հարցազրույց: Ես կանխամտածված Երևանում ոչ մի շփում չեմ ունեցել լրագրողների հետ, որպեսզի կրքեր չբորբոքվեն: Ես ունեմ իմ կարծիքը Հայաստանի իշխանությունների և պարոն Փաշինյանի վերաբերյալ և իրավունք ունեմ հայտնել այն: Ադրբեջանում էլ, կարծում են, թե ես իրավունք չունեմ անվանելու իրերը իրենց անուններով և այժմ, խնդրեմ, Հայաստանում էլ նույն կերպ են մտածում»,-եզրափակեց Կոնստանտին Զատուլինը:
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Մոսկվա
ՌԴ Պետական դումայի` ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Զատուլինը ասել է, որ Հայաստանը պարտավորվել է միջանցք տալ Ադրբեջանին (կամ Ռուսաստանին) և, ըստ այդմ, պետք է տա այդ միջանցքը։ Նման բաներ մեկ էլ Ալիևն է հորինում` Հայաստանի տարածքից կտոր պոկելու իր ցանկությունը հիմնավորելու համար։ Բայց Ալիևը, ի տարբերություն Զատուլինի, չի ձևացնում, որ ինքը մեր դաշնակիցն է և Երևանում չի կազմակերպում տարբեր ակումբների ժողովներ։