Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկու «Կարմեն»՝ հոբելյանական թատերաշրջանում

Հոկտեմբեր 26,2022 13:30

Օրերս Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնում շուրջ 7-ամյա ընդմիջումից հետո ներկայացվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանի ժամանակակից ռեժիսուրայով իրականացված Բիզեի «Կարմեն» օպերան։ Ընդ որում, ռեժիսորը 2001թ. հիշյալ օպերան հանդիսատեսի դատին էր հանձնել դասական ռեժիսուրայով։ Նշենք, որ երկու «Կարմենների» բեմադրող դիրիժորն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը։

Չենք կարծում, թե հարկ կա առանձնակի բնութագրել կամ ներկայացնել համաշխարհային օպերային գրականության ամենավառ գնչուհուն, բայց քանի որ շուրջ 4 տարի է անցել, երբ թատրոնի առաջատար մեներգչուհի, մեցցո սոպրանո Վարսենիկ Ավանյանը ռեժիսորի հրավերով դարձյալ խաղաց Կարմեն՝ ըստ էության վերականգնված «Կարմենում», այն էլ ցուցադրելով իսկապես բարձրարվեստ խաղ, այնուամենայնիվ, փորձենք համառոտ ուրվագծել ռեժիսորի ու երգչուհու երկրորդ համագործակցության արդյունքում ստեղծված կերպարը. կրքոտ խառնվածք, անկախության ձգտում։ Այս ամենը «բղավում» է Կարմենի կերպարում։ Նա գործնականում ոչ մի կապ չունի գրական հերոսուհու հետ։

(Կոմպոզիտորի համար հիմք է ծառայել Պ. Մերիմեի համանուն նովելը, լիբրետոյի հեղինակներն են Ա. Մելիակը, Լ. Հալեւին)։ Այս ամենն արվել է միտումնավոր, հերոսուհու մեջ ավելի շատ կիրք ցուցադրելու եւ գրական հերոսի խորամանկ ու անբարո բարքերը հեռացնելու համար։


Նկատենք, որ այստեղ կոմպոզիտորը հնարավորություն է տվել գնչուհուն ողբերգական ավարտով՝ սեփական կյանքի կորստով փնտրել իր ազատության իրավունքը։ Օպերայի նախերգանքը Կարմենի երաժշտական կերպարի նախնական նկարագրությունն է։ Այն հիշեցնում է ցլամարտիկներ «փառատոնի» լեյտմոտիվը, ինչը սուր է եւ արագաշարժ։ Հետագայում արդեն այդ մոտիվը «վերադառնում» է դրամատիկ տեսարաններ։ Իսկ Կարմենի ամբողջական կերպարը բացահայտվում է իսպանական հայտնի Habanera պարի միջոցով, որը տանգոյի նախահայրն է։ Բիզեի ազատատենչ ոգու իրական մեղեդին ստեղծել է տխուր, զգայական, կրքոտ շարժումների մի ամբողջ շարք։

Տեսարաններ մելիքսեթյանական «Կարմենից»։

Սա ոչ միայն տաք գնչուհու դիմանկարն է, այլ նաեւ շարժման մեջ գտնվող պատմություն՝ սեփական սիրո մեջ ազատ լինելու ցանկության մասին։ Գնչուհու բնութագրումը պարային վարիացիաների մեջ պահպանվում է մինչեւ երրորդ գործողություն (4 գործողությամբ օպերան ներկայացվեց մեկ ընդմիջումով)։ Սա տեսարանների շարք է երգերով ու պարային իսպանական ռիթմերով։ Ի դեպ, գնչուական բանահյուսությունը ամբողջացնում է պատկերը, երբ գալիս է հարցաքննության դրվագը, որտեղ Կարմենը երգում է գնչուական մի աշխույժ երգ…

Եզրափակիչ տեսարանում թեթեւ քայլվածքով հերոսուհին ինքն է նետվում դեպի դանակը՝ մահն ընկալելով որպես բացարձակ ազատագրում ներքին ցավից, երազանքների ու իրականության անտանելի անհամապատասխանություն։ Այսպիսին տեսանք Վարսենիկ Ավանյանի Կարմենին։ Մտաբերեցինք մեր հարցազրույցը մեծանուն Ելենա Օբրազցովայի հետ, որը հիշելով իր Կարմենին (1970-ականներ), հավաստիացրել էր. «Ողջ ներկայացման գաղափարը բխում էր ոչ թե ռեժիսորից՝ Զեֆիրելիից, այլ ինձնից։ Այո, ես իմ ձեռքում պահեցի ներկայացման դրամատուրգիան՝ պարտադրելով նրա ռեժիսորական լուծումները»։ Նշենք, որ Վարսենիկ Ավանյանը ժամանակին կատարելագործվել է մեծանուն երգչուհու ղեկավարությամբ։

Փաստորեն, այսօր օպերային թատրոնի խաղացանկում ժամանակակից ռեժիսուրայով երկու «Կարմեն» է՝ Արմեն Մելիքսեթյանի եւ Նաիրե Ստեփանյանի (2018թ.)։ Եվ քանի որ արտասահմանյան թատրոններում ընդունված է խաղացանկում միաժամանակ ունենալ նույնանուն ներկայացումներ, օպերային թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ ասաց, որ երկու ներկայացումներն էլ տեղ են գտել խաղացանկում, տեղեկացնելով, թե նոյեմբերի 2-ին նշանակված է Նաիրե Ստեփանյանի «Կարմենը», իսկ 16-ին՝ Արմեն Մելիքսեթյանինը։

Ընդ որում, Նաիրե Ստեփանյանի «Կարմենի» պրեմիերան տեղի է ունեցել Արաբական Էմիրություններում, գնչուհու կերպարն էլ մարմնավորել են գերմանաբնակ Կարինե Բաբաջանյանը եւ Գրետա Բագիյանը։ Եվ քանի որ ընթանում է թատրոնի հոբելյանական՝ 90-րդ թատերաշրջանը, մենք որոշեցինք ներկայացնել «Կարմենի» անցած ուղին թատրոնում։ Առաջին անգամ այն ներկայացվել է թատրոնի բացումից մեկ տարի անց՝ 1934թ., բեմադրող ռեժիսոր Արշակ Բուրջալյանի, բեմադրող դիրիժոր Սուրեն Չարեքյանի կողմից, Կարմենի դերերգով հանդես է եկել Եվգենիա Բարոնկինան։

Երկրորդ բեմադրությունն արվել է 1941թ., ռեժիսոր՝ Արմեն Գուլակյան, բեմադրող դիրիժոր՝ Գեւորգ Բուդաղյան։ Տարիներ անց ռեժիսոր Գրիգոր Վարժապետյանն է բեմադրել, իսկ 1972թ.՝ ռեժիսոր Վահագն Բագրատունին եւ բեմադրող դիրիժոր Հերման Տերտերյանը։ Եվ քանի որ այսօր խոսեցինք միայն Կարմենի կերպարի մասին, ապա հիշատակենք մյուս Կարմեններին նույնպես՝ Գոհար Գալչյան, Օլգա Գաբայան, Լուսյա Ավետիսովա, Լիլիա Օվչյան, Տաթեւիկ Սազանդարյան։ Վահագն Բագրատունու «Կարմենը» խաղացանկում է եղել մինչեւ 1980-ականների վերջը, հետո շուրջ տասը տարի հանվել է խաղացանկից եւ միայն 2001-ին Արմեն Մելիքսեթյանի ռեժիսուրայով վերադարձել։ Դասական ռեժիսուրայով այդ ներկայացման մեջ հանդես են եկել Նարինե Անանիկյանը եւ շվեյցարաբնակ Վարդուհի Խաչատրյանը։ Եվ ինչպես վերեւում նշեցինք՝ 2015թ. Մելիքսեթյանի ժամանակակից ռեժիսուրայով արված «Կարմենում» գնչուհու կերպարով հանդես են եկել Ինգա Կարապետյանցը, Վարսենիկ Ավանյանը, իսկ 2018-ից՝ Գրետա Բագիյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Վարսենիկ Ավանյանը՝ Կարմենի կերպարում։

«Առավոտ» օրաթերթ
25.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31