Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի հետ
– Պրն ճուղուրյան, վերջին օրերին հատկապես սրվեց բուհերի օպտիմալացման հիմնախնդիրը եւ այն հանրային դժգոհությունների առիթ տվեց։ Ո՞րն է Ձեր դիրքորոշումը այս հարցի շուրջ։
– Անշու՛շտ, հետեւում եմ ԶԼՄ-ներով լուսաբանվող ուսանողական ընդվզումներին եւ պիտի ասեմ, որ այնքան էլ համամիտ չեմ նրանց հետ։ Հայաստանյան իրականությունում կարեւոր չէ, թե որ բուհն ես ավարտել, առավել կարեւոր է, թե ինչ կրթական ծրագրով ես սովորել եւ ինչ մասնագիտություն ես ստացել։ Քանի որ մեր հանրապետությունում գրեթե չի գործում մասնագիտական կրթական մրցակցային շուկա, ապա կարծում եմ, որ տարբեր պետական բուհերի կողմից տրամադրվող ավարտական դիպլոմները համարժեք են աշխատաշուկայում եւ նույն կերպ են ընկալվում գործատուի կողմից։ Իհարկե, միջազգային պրակտիկայում բուհերը նույն իրավիճակում չեն գտնվում։ Այնտեղ պարբերաբար կիրառվում է համալսարանների վարկանիշավորում, եւ առաջնագծում հայտնված բուհերի դիպլոմները առավել արժեւորում են ստանում գործատուի մոտ։ Իսկ մեր հանրապետությունում մինչ այժմ անհասկանալի է, թե ո՞ր բուհերն են առաջնագծում, եւ ո՞ր դիպլոմներն են առավելապես գնահատվում աշխատաշուկայում։
– Այդ դեպքում, ինչո՞ւ են միավորվող բուհերը ընդվզում օպտիմալացման դեմ։
Կարդացեք նաև
– Պատճառները մի քանիսն են։ Նախ, համալսարանների վերնախավային վարչակազմը բուհերի միավորման արդյունքում կորցնում է աշխատանքը եւ հենց նրանց շրջանակում է առաջին հերթին դժգոհության ալիք բարձրանում, որն ուղղորդում է ուսանողներին։ Սակայն առկա են առավել խորքային պատճառներ, որոնք կապված են բուհերի միավորման ոչ պատշաճ հիմնավորումների հետ։ Մինչ այդ որոշում կայացնելը, պատկան մարմինները պետք է հանրային քննարկումներով ապացուցեին միավորման հիմնավորվածությունը։ Փոխարենը գործում է որոշումների կայացման «գաղտնիության» սկզբունքը, որը հանրության շրջանում տարբեր մեկնաբանությունների առիթ է տալիս (համալսարանական մասնաշենքերի ենթադրյալ վաճառք, կրթության կազմաքանդում, ուսանողական համակազմի կրճատում, մարդկային կապիտալի աճի կանխարգելում եւ այլն)։
– Ուրեմն գտնում եք, որ համալսարանական համակարգի օպտիմալացումը անհրաժեշտություն է միայն դրա խորքային հիմնավորվածության եւ պարզաբանումների պարագայում։
– Ա՛յո, այդպես էլ կա։ Դեռեւս 2011 թվականին հոդված հրապարակեցի «Առավոտում», համոզմունք հայտնելով, որ բուհերը պետք է Երեւանի կենտրոնից բեռնաթափել, եւ այն խանդավառությամբ չընդունվեց համալսարանական համայնքում, քանի որ բոլորը ցանկանում էին աշխատել եւ սովորել հենց Երեւանի կենտրոնում: Հիմա էլ եմ կարծում, որ Երեւանը պետք է բեռնաթափել համալսարանական թոհ ու բոհից։ Սակայն այն պետք է իրականացնել նորամուծական մոտեցումներով, եւ ոչ թե հնաոճ «ակադեմիական քաղաք»-ի մոդելով։
– Ի՞նչ ի նկատի ունեք, եւ ինչպե՞ս կմեկնաբանեք ակադեմիական քաղաքի ստեղծման գաղափարը։
– Ակադեմիական քաղաքների ստեղծման օրինակները բազմաթիվ են։ Դրանք առաջինը սկսեցին ձեւավորվել ԱՄՆ-ում, երբ անհրաժեշտություն զգացվեց համակցել գիտական գործունեությունն ու մասնագիտական կրթությունը։ Անգամ Խորհրդային Միության տարածքում ստեղծվեցին խոշոր ակադեմիական քաղաքներ, որտեղ գործում էին հետազոտական ուղղվածությամբ համալսարաններ, գիտահետազոտական ինստիտուտներ եւ դրանց սերտ համագործակցությամբ կրթական ծառայությունները զուգորդվում էին գիտափորձերով, նորամուծական գիտական ծրագրերի մշակումներով: Բայց այսօր, «ակադեմիական քաղաք»-ի այդ մոդելը հնացած է։ Հիմա արդեն ստեղծվում են ոչ թե մեկ տարածքում տեղակայված եւ խմբավորված գիտահետազոտական ինստիտուտներ, խոշոր լաբորատորիաներ եւ բուհեր, այլ գիտակրթական էկոհամակարգեր, որոնք արդեն ձեւավորված են եւ գործում են միջազգային պրակտիկայում։
– Կարո՞ղ եք բացել փակագծերը, թե ի՞նչ ենք հասկանում՝ ասելով գիտակրթական էկոհամակարգ։
– Մեր օրերում բուհերը առճակատվում են մրցակցային գիտակրթական շուկայի հիմնախնդիրներին։ Եթե տասնամյակներ առաջ ձեւավորված «ակադեմիական քաղաքներ»-ում գործում էին հետազոտական ուղղվածությամբ բուհեր եւ ընդամենը դրանք տալիս էին գիտական արդյունքներ, որոնք շատ դեպքերում տեսական էին եւ շուկայամետ չէին, ապա գիտակրթական էկոհամակարգում ընդգրկվում է շահառուների ավելի լայն շրջանակ եւ գործում է «հետազոտություն-կրթություն-ստարտափեր-գիտության առեւտրայնացում» շղթան: Այսինքն, կրթական ծառայությունների մատուցմանը զուգահեռ, բուհերն իրականացնում են հետազոտական աշխատանք, գեներացնում են գիտական նորամուծություններ, դրանք ինկուբացիայի են ենթարկում ստարտափերում եւ ձեւավորում են կիրառական գիտական արդյունք` ի վերջո այն ներկայացնելով վաճառահանման: Գիտակրթական էկոհամակարգերի գործունեությունը միտված է կիրառական հետազոտական արդյունքների մշակմանը` հասցեագրված շուկային: Այսինքն, հետազոտությունն ու կրթությունը համակցելով միմյանց հետ, ստեղծվում է կիրառական գիտական արդյունք, եւ ոչ թե գիտական արդյունք` հանուն գիտության, որը տեղի է ունենում այսօրվա ատենախոսությունների պարագայում: Եվ ուրեմն պարտադիր չէ, որ մեկ տեղանքում խմբավորվեն գիտահետազոտական ինստիտուտներն ու բուհերը` ձեւավորելով ակադեմիական քաղաքներ: Այդ կազմակերպությունները կարող են գործել տարբեր տարածաշրջաններում, մաս կազմելով գիտակրթական էկոհամակարգերի, ձեւավորելով մրցակցային գիտահետազոտական արդյունքներ, ինչը որ կատարվում է Սիլիկոնյան հովտում:
– Պրն Ճուղուրյան, շնորհակալ եմ Ձեր պարզաբանումների համար, կարծում եմ, որ դրանք կարող են հետագա քննարկումների առիթ դառնալ:
Հարցազրույցը վարեց
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
25.10.2022