Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսպանուհին Սյունիքում դարձել է Աղունիկ ու անգլերեն է սովորեցնում հայ աշակերտներին

Հոկտեմբեր 26,2022 12:30

25-ամյա իսպանուհի Պալոման ամուսնացել է հայ երիտասարդի հետ, Իսպանիայից տեղափոխվել է Հայաստան եւ տուն գնել Սյունիքի մարզի սահմանամերձ Տանձավեր գյուղում։ Նա կարճ ժամանակում հասցրել է որոշ չափով հայերեն սովորել, իսկ այժմ էլ պատրաստում է խմբակային դասընթացներ՝ գյուղի երեխաներին անգլերեն սովորեցնելու համար։ Պալոման արդեն մեկնարկել է իր դասընթացների սկիզբը եւ որպես խորագիր ընտրել We are the champions։ Դասասենյակը տրամադրվել է համայնքապետարանի կողմից եւ հենց համայնքապետարանի շենքում։ Սենյակի պատերն ամբողջությամբ ներկվել են հետաքրքիր ու մոտիվացնող գույներով, պատկերներով, կենտրոնում մեծ ու գեղեցիկ գրված է դասընթացի խորագիրը, իսկ մյուս պատին էլ փակցված է աշխարհագրական քարտեզը, դասասենյակն ունի նաեւ տեխնիկական անհրաժեշտ սարքավորումներ եւ այլ հարմարություններ։

Առաջին դասի մեկնարկին Պալոման նախ երեխաներին ներկայացրել է ընտրված խորագրի իմաստը. սեփական գյուղում ապրող ու գյուղն արարող աշակերտները չեմպիոններ են, ովքեր լավագույնս պետք է սովորեն նաեւ օտար լեզուներ։

Դասն անցկացվել է անչափ աշխույժ, հետաքրքիր ու ընկերական միջավայրում։ Պալոման երեխաներին խնդրել է անգլերեն սովորելիս իրեն էլ հայերեն սովորեցնել։ Դասի ընթացքում կազմակերպվել են փոքրիկ խաղեր ու մրցույթներ։ Աշակերտներից Էմիլը, որը կարողացել է անգլերեն լեզվով պատմել իր ընտանիքի եւ իր մասին, ստացել է փոքրիկ նվեր՝ անգլերենով գրված մանկական հեքիաթների ժողովածու, ինչն էլ խոստացել է ընթերցելուց հետո փոխանցել ընկերներին։ Իսկ ութամյա Գուրգենն, որը առաջին քայլերն է անում անգլերեն սովորելու համար, սկզբից մինչեւ վերջ ուշադրությամբ լսում ու հետեւում էր բոլորին։

Դասի ավարտից հետո աշակերտները կիսվեցին իրենց տպավորություններով, նշելով, որ սա մինչեւ այս իրենց ունեցած ամենահետաքրքիր ու տարբերվող դասերից մեկն էր, եւ իրենք շատ ուրախ են, որ հենց իրենց գյուղում է բնակություն հաստատել Պալոման, իսկ իրենք մեծ ոգեւորությամբ շարունակելու են դասընթացները եւ լինելու են իսկական չեմպիոններ։

Հաջորդիվ մեզ հետ զրույցում իսպանուհին նշեց, որ մեծ սիրով է տեղափոխվել Հայաստան եւ անում է այն ամենն, ինչ հաճույք է պատճառում իրեն, բացի այդ, չկա ավելի լավ զգացում, քան երեխաներին որեւէ նոր բան ուսուցանելու եւ նրանց աչքերի փայլը տեսնելու զգացումը։ Պալոման նաեւ ժպիտով հիշեց, որ գյուղում իրեն բոլորը հասցրել են ընդունել ու սիրել եւ նույնիսկ իրեն տվել են Աղունիկ անվանումը։

Դասընթացները, որոնց մեկնարկը տրվել է հոկտեմբերի 17-ից, շարունակական բնույթ են ունենալու եւ աշակերտներից բացի, խմբակներում ներգրավելու են նաեւ բոլոր ցանկացողներին։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31