Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից «միջանցք» պահանջում է Մոսկվան

Հոկտեմբեր 26,2022 12:00

Որքան էլ պաշտոնական Երեւանը հայտարարի, որ չի պատրաստվում ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանին միջանցք տրամադրել՝
Բաքուն ու Մոսկվան թեժ են պահում այդ թեման

Այսօր Հարավային Կովկասում ձեւավորվում է «Հյուսիս-Հարավ» եւ «Արեւելք-Արեւմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկը։ Եթե այն ստեղծվի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի տնտեսությունները կսկսեն լրացուցիչ վարձավճար ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելությունների հետ, օրերս այսպիսի ուղերձով է հանդես եկել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով՝ «Արտադրված է Ռուսաստանում – 2022» միջազգային արտահանման ֆորումի լիագումար նիստում։

«Այս առումով էական դեր կխաղա Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ Հայաստանի կամ Իրանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը։ Այսօր Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները եւ կապահովեն ամենակարճ ու հարմար տեղաշարժը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ։ Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, երկաթուղու եւ ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Միաժամանակ, Իրանի տարածքով արդեն կառուցվում է Հայաստանը շրջանցող ճանապարհ, այսինքն՝ մինչեւ 2024 թվականը ճանապարհը կլինի, եւ այն ելք կապահովի դեպի Իրանի, Թուրքիայի եւ հետագայում Եվրոպայի շուկաներ։ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքն արդեն գոյություն ունի, եւ դրա երկայնքով իրականացվում են ավտոմոբիլային եւ երկաթուղային փոխադրումներ։ Այնուամենայնիվ, այն չի համապատասխանում երթեւեկության ծավալների ակնկալվող աճին եւ կարիք ունի արդիականացման եւ հզորության ավելացման: Այս առումով մենք ավարտում ենք ռուս-ադրբեջանական սահմանի անցակետերի արդիականացումը»,-պարզաբանել է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան։

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը ստորագրելուց հետո, որի երաշխավորն էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, բայց որի բոլոր կետերը Ալիեւն արհամարհել է, ռուսական իշխանական քարոզչամեքենան Հայաստանի իշխանություններին մինչ օրս մեղադրում է Ադրբեջանի ու Թուրքիայի «դավաճանական խաղաղության ծրագրին ծառայելու» մեջ ու ՌԴ-ին Հարավային Կովկասից «դուրս մղելու» հեռահար նպատակներ իրագործելու մեջ:

Սակայն ի՞նչ ենք լսում ռուս պաշտոնյանի շուրթերից… Որ Էրդողանի ու Ալիեւի պահանջած, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանից պահանջում է Ռուսաստանը, ավելին՝ հստակ խոստովանում են, թե ինչ օգուտներ են ակնկալում դրանից անգամ ԵԱՏՄ-ի համար:

Ռուսական կողմն ազդարարում է, որ ավարտում է ռուս-ադրբեջանական սահմանին անցակետերի արդիականացումը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման համար։ Բացի այդ՝ հստակ շեշտում են, որ «Հյուսիս-Հարավ» ուղղության զարգացման առավելություններն այսօր ակնհայտ են ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԵԱՏՄ-ի եւ ԱՊՀ-ի մեր ամենամոտ հարեւանների համար։ «Այն դեպքում, երբ «Արեւելք- Արեւմուտք» միջազգային տրանսպորտային միջանցքի ֆունկցիոնալությունն առավելապես տարանցիկ բնույթ է կրում, այսինքն՝ մենք մեր ճանապարհներով չինական բեռներ ենք տեղափոխել Եվրոպա, «Հյուսիս-Հարավ»-ն աջակցում է ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրների բոլոր տնտեսությունների արտահանման զարգացմանը, ինչը կանխորոշում է այդ ուղղությամբ ընդհանուր շահագրգռվածություն»,-ասում է Ալեքսեյ Օվերչուկը։

Միեւնույն ժամանակ նա հայտնել է, որ «Հյուսիս-Հարավ»-ի զարգացման շրջանակներում վերսկսվել են Իրանի Ռեշտ -Աստարա երկաթգծի 160 կիլոմետրանոց հատվածի շինարարության շուրջ բանակցությունները, ընթանում է Գարմսար-Ինչե Բուրուն երկաթուղու էլեկտրաֆիկացումը, ինչպես նաեւ նախատեսվում է այդ տարածաշրջանում երկաթուղային երթեւեկության միջին արագության բարձրացման աշխատանքների համալիր. «Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը բանակցություններ են վարում արեւմտյան երթուղու եռակողմ տրանսպորտային-լոգիստիկ օպերատորի ստեղծման շուրջ, ինչը թույլ կտա կառավարել բեռնահոսքը, ներդաշնակեցնել սահմանային հսկողության ընթացակարգերը եւ ապահովել Պարսից ծոցի նավահանգիստներից մինչեւ Բալթիկ ծով եւ հակառակ ուղղությամբ ապրանքների անխափան անցումը»:

Այսինքն, Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները եւ կապահովեն ամենակարճ ու հարմար տեղաշարժը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ։ Ավելին, Մոսկվան հստակ մատնանշում է, որ Մեղրիով անցնող երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Ապա, պաշտոնական Մոսկվան արդեն հրապարակավ պայման է դնում՝ «Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային կապի բացումը հատուկ դեր կխաղա Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկի ձեւավորման գործում»:

Ու հենց Հարավային Կովկասում է, ըստ ռուսական կողմի, այսօր ձեւավորվում «Հյուսիս-Հարավ» եւ «Արեւելք-Արեւմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկը։ Այդ իսկ պատճառով, նրանք շահագրգռում են պաշտոնական Երեւանին՝ «եթե այն ստեղծվի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի տնտեսությունները կսկսեն լրացուցիչ վարձավճար ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելության հետ»:

Այսպիսի հրապարակային խոստովանությունների առկայության պայմաններում արդեն իսկ հստակ է, թե ինչու է Մոսկվան ընդդիմանում Բրյուսելի հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցություններին:

Օվերչուկի ելույթից ընդամենը երկու օր առաջ, հատկանշական է, որ Ալիեւը կրկին «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսեց, այն անվանելով՝ «կարեւոր նախագիծ՝ հարավկովկասյան տարածաշրջանի համար»։ «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացումը Հարավային Կովկասը կվերածի կարեւոր տրանսպորտային ու առեւտրային հանգույցի»,- նշել էր Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ Ադրբեջանն իր բոլոր ջանքերը կենտրոնացրել է՝ այդ խնդրի «հաջող իրականացման» ուղղությամբ։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Մոսկվան ու Բաքուն, կարծես, միմյանց «ձայնակցում» են: Ադրբեջանի նախագահը դժգոհում է, թե պաշտոնական Երեւանը ձգձգում է սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, Մոսկվայից անմիջապես վերցնում են «մեսիջը» ու շտապում են հիշեցնել, որ պատրաստ են Երեւանին ու Բաքվին օգնել այս հարցում: Ալիեւը հերթական եռակողմ բանակցություններից հետո «հիշում» է՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին, պահանջում է Հայաստանից՝ «Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցք տալ», Մոսկվան ներկայացնում է միջանցքի տնտեսական առավելություններն ու շտապեցնում ՀՀ իշխանություններին:

Այսինքն, որքան էլ պաշտոնական Երեւանը հայտարարի, որ չի պատրաստվում ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանին միջանցք տրամադրել, միեւնույն է՝ Բաքուն ու Մոսկվան շարունակում են այդ թեման թեժ պահել:

Պաշտոնական Երեւանն ու Թեհրանն առայժմ ընդդիմանում են Բաքվի ու Մոսկվայի «միջանցքային» պլանին: Օրերս Իրանի արտգործնախարարի երեւանյան ուղերձներն առավել քանի հստակ էին՝ Թեհրանը «հնարավորություն ունի խոչընդոտելու սահմանների փոփոխման ցանկացած գաղափարի իրականացմանը»:

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Երեւանում հիշեցրեց, որ Իրանի հոգեւոր առաջնորդը թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի նախագահներին է ասել՝ Հայաստանի հետ սահմանի փակում չի հանդուրժի, Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունը եւ «դա իրենց կարմիր գիծն է»: «Կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք կդիմակայեն յուրաքանչյուր նույնիսկ մտքին։ Ադրբեջանի նախագահը մեր երկրի ղեկավարի հետ հանդիպմանը հստակորեն նշել է, որ նման մտադրություն չունեն եւ տարածաշրջանում աշխարհագրական, սահմանային փոփոխություն չեն հետապնդում եւ չեն ցանկանում իրականացնել։ Մենք ամենաբարձր մակարդակներում տարածաշրջանի աշխարհաքաղաքական եւ նաեւ սահմանների փոփոխման հետ կապված համապատասխան զգուշացումներ արել ենք։ Իրանը հնարավորություն ունի խոչընդոտելու եւ դիմակայելու նման ցանկացած գաղափարի իրականացմանը», – Երեւանում վստահեցրեց Աբդոլլահիանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր նստավայրում ընդունեց Թեհրանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Ի թիվս այլ հարցերի, Իրանի առաջնորդն անդրադարձել էր նաեւ «Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը փակելու հնարավոր դավադրությանը»` ընդգծելով, որ «եթե նման քաղաքականություն լինի, Իրանը կընդդիմանա դրան»։ «Այդ սահմանը երկար տարիների միջանցք է»,- նկատել էր այաթոլլա Ալի Խամենեին: Նույն օրը Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդը Թեհրանում ընդունեց նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ շեշտեց հետեւյալ միտքը՝ «Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում»:

Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 25.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31