Ընտրողների վարքի երեք մոդելները եւ դրանց կիրառությունը ժամանակակից Հայաստանում:
Եթե որեւէ ընկերաբան կամ քաղաքագետ որոշի ուսումնասիրել ընտրողների վարքը երրորդ հանրապետությունում, նա կկանգնի լուրջ խնդիրների առջեւ: 1995-2018 թվականներին անցկացված ընտրությունները, ըստ ամենայնի, չէին արտացոլում քաղաքացիների իրական նախասիրությունները: Իմ՝ զուտ լրագրողական տպավորությամբ, ընտրողները քվեարկել են Տեր-Պետրոսյանի դեմ (մեկ անգամ), Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեմ (2-ական անգամ): Բայց 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահներն ու նրանց կողմնակիցներն իմ այս դիտարկման հետ համաձայն չեն: Եվ պնդում են, որ պաշտոնապես արձանագրված արդյունքները միանգամայն ճշգրտորեն ներկայացնում էին մեր հասարակության սոցիալական պատկերը: Ոչ նրանք կարող են գիտականորեն ապացուցել իրենց ճշմարտությունը, ոչ էլ՝ ես:
Բայց, կարծում եմ, բոլորը կհամաձայնվեն, որ մինչեւ 2018 թվականը ընտրությունների արդյունքների վերաբերյալ կասկածները շատ ավելի համատարած էին, քան դրանից հետո: Կոռեկտ գիտական հետազոտության նյութ, հետեւաբար, կարող է լինել 2018 եւ 2021 թվականների ընտրությունները: Մյուս կողմից խնդիր է մնում այդ ընտրությունների արդյունքներն իմաստավորելը:
Ընդհանուր առմամբ՝ ընտրողների վարքը բացատրելու համար գոյություն ունի երեք դասական մոդել:
Առաջինը սոցիոլոգիական մոդելն է, երբ այս կամ այն խմբին պատկանելը ենթադրում է ընդհանուր շահեր եւ նույնականացման ձեւեր: Բայց ինչպե՞ս է Հայաստանում հնարավոր պարզել մարդու սոցիալական պատկանելությունը: Եթե նույնիսկ ինչ-որ չափանիշներով մարդկանց խմբերին անուններ տրվեն, ապա կարո՞ղ ենք արդյոք ասել, որ բոլոր գիտնականները, բոլոր վարորդները կամ բոլոր տնային տնտեսուհիները մեր երկրում ունեն միեւնույն շահերը եւ դրանցից ելնելով քիչ թե շատ միատեսակ են քվեարկում:
Կարդացեք նաև
Երկրորդը՝ կուսակցական նույնականացման մոդելն է: Այսինքն՝ կուսակցական պատկանելությունը կամ համակրանքը, նույն գաղափարները կրելը թելադրում է մարդկանց էլեկտորալ վարքը: Հայաստանում, թերեւս, կա մեկ կուսակցություն, որի դեպքում որոշակի վերապահումներով կարող ենք ասել, որ գործում է այդ մոդելը: Դա Հայ հեղափոխական դաշնակցությունն է: Այս տասնամյակների ընթացքում այդ կուսակցությունն ունի մոտավորապես տասը տոկոս ձայն, եւ դրանով մենք կարող ենք որոշել, թե քանի քաղաքացի է Հայաստանում գաղափարապես կապված 1870-80-ականների ազգային ազատագրական ավանդույթների հետ: Մնացած դեպքերում քաղաքացի-կուսակցություն կապերը թույլ են եւ ժամանակավոր: Դժվար է ենթադրել, որ 2018 եւ 2021 թվականներին Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը գաղափարապես կապված էր մի կուսակցության հետ, որը մերժում է «իզմ»-երը: Պետք է ասել, որ այդ (միչիգանյան կոչվող) կուսակցական մոդելը միանգամայն արդարացված էր 1960-ական թվականներին, մասնավորապես, Բրիտանիայում, իսկ ահա 20-րդ դարի վերջում եւ հատկապես 21-րդ դարում ի հայտ են եկել դրա խոցելի կողմերը:
Երրորդը ռացիոնալ տնտեսական մոդելն է: Դրա հիմքում տնտեսական, նյութական շահն է. մարդիկ ընտրում են այն կուսակցություններին եւ գործիչներին, որոնց հետ կապում են իրենց տնտեսական վիճակի պահպանման (եթե բավարարված են), կամ բարելավման ակնկալիքները: Կարծում եմ, տնտեսական գործոնն իսկապես մեծ դեր է խաղում հայաստանցիների քաղաքական վարքում: Հատկապես, եթե դիտարկենք այդ գործոնի հետահայաց եւ հեռանկարային բաղադրիչները: Մարդիկ հետադարձ հայացք են ձգում իրենց նախորդ նյութական վիճակի վրա եւ ձեւավորում են իրենց սպասելիքներն ապագայից: Այդ ապագայի մեջ, ենթադրում եմ, հայկական պետականության եւ առավել եւս՝ Արցախի հետ կապված ակնկալիքներ չկան: Իսկ թե որքանով են արդարացվել նյութական սպասումները՝ ցույց կտա մոտակա երկու-երեք տարին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.10.2022