ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը՝ ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը։
Ընդգծելով առաքելության կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը առաքելության անդամներին ներկայացրեց սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով Վայոց ձորի մարզում ստեղծված իրավիճակը։
ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից ու միջազգային փորձագետներից բաղկացած տեխնիկական խումբը այցելեց նաև Ջերմուկ համայնք՝ սահմանամերձ շրջաններում առկա իրադրությանը տեղում ծանոթանալու նպատակով:
Վայոց ձորի մարզպետարան