Հայաստանի գործող իշխանությունը շարունակում է Բաքվի ու Անկարայի շահերից բխող հակահայաստանյան ու հակաարցախյան քաղաքականությունը: Պատահական չէ, որ այս իշխանությունների թիրախում են հայտնվում անձինք, ովքեր տարիներ շարունակ քննադատվել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից և ովքեր իրենց հասարակական, մասնագիտական կամ քաղաքական գործունեության առանցքում ունեցել են և ունեն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերից բխող մոտեցումներ:
Փաշինյանի ու իր թիմի կողմից հայանպաստ գործիչներին թիրախավորելու հերթական օրինակը Լազարյան ակումբի համակարգող, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ պետությունների ինստիտուտի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքի արգելքն է Հայաստան:
Ուշագրավ է, որ պարոն Զատուլինի՝ Հայաստանում անցանկալի անձ լինելու և մուտքը արգելելու մասին ներկայացված պարզաբանումը ուղարկվել է ԱԺ արտաքին կապերի վարչության ղեկավարի կողմից։ Իշխանությունների այս քայլը ուղղված է մի կողմից Բաքվի և Անկարայի պահանջների բավարարմանը, մյուս կողմից՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների խաթարմանը:
«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է Հայաստանի գործող իշխանությունների այս հերթական հակահայկական քայլը՝ ամրագրելով, որ վարվող քաղաքականության պայմաններում Հայաստանի ու Արցախի անվտանգային մարտահրավերները միայն աճում են:
Կարդացեք նաև
«Հայաստան դաշինք»