«44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերները» չեն կիրառվել այն նպատակների համար, որոնց համար անհրաժեշտ էր կիրառել»,- այս մասին այսօր, «Բանակի ռեֆորմացիա. չհաշվարկված գաղափարներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Ըստ նրա, «Իսկանդերները» զսպող զենք է եւ նախատեսված է կոնկրետ դեպքերում օգտագործման համար. «Բայց եթե դու անհրաժեշտության դեպքում չես կիրառել այն, նշանակում է պատրաստ չես գնալ հաղթանակի, նշանակում է դու ինչ-որ մեկի հետ ինչ-որ բանի մասին պայմանավորվել ես»:
ՀՀ իշխանության ամենակարեւոր զենքն Արտակ Զաքարյանը համարում է սուտը, որով փորձում են համոզել ժողովրդին, որ տարածքային կորուստները իբրեւ թե այդքան էլ վատ երեւույթ չեն. «Մենք կանգնած ենք լուրջ խնդիրների առաջ, ժամանակը սպառվում է: Կարեւոր է փոխել հասարակության բարոյա-հոգեբանական վիճակը եւ վերադառնալ ազգ-բանակ համակարգին»:
Բանախոսի վերլուծությամբ, Հայաստանը պատրաստվում է մինչեւ տարեվերջ նոր կապիտուլյացիա ստորագրել. «Արեւմուտքի առաջարկած խաղաղության պայմանագրով, Հայաստանը կզրկվի ինքնիշխանությունից, անվտանգության մակարդակը բարձրացնելու եւ ժողովրդի ինքնորոշման իրավունքի կիրառման հնարավորությունից: Ամենակարեւորը, կհանգեցնի բնական դաշնակցի հեռացմանը»: Արցախի հարցի լուծման՝ Մոսկվայի առաջարկած տարբերակին Արտակ Զաքարյանը չանդրադարձավ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ