Հայաստանի ծանրորդները ավարտեցին մրցելույթները Դյուրրեսում ընթացած ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Մեր հավաքականից պայքարը եզրափակեց 23 տարեկանների առաջնության մասնակից, գերծանր քաշային, մեծահասակների աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը:
Aravot.am-ը կանխատեսել էր, որ մեր դյուցազնը պայքարի մեջ կներգրավվի այն ժամանակ, երբ բոլորն արդեն ավարտած կլինեն մրցելույթները: Եվ չէինք սխալվել: Պոկում վարժությունում Վարազդատը առաջին իսկ մոտեցմամբ բարձրացրեց 190 կգ եւ ապահովեց փոքր ոսկե մեդալը, այնուհետեւ 200 կգ-ով 25 կիլոգրամի առավելություն ստացավ երկրորդ տեղում հանգրվանած ուկրաինացու նկատմամբ:
Նույնը կատարվեց հրում վարժությունում: Երբ բոլորն ավարտել էին մոտեցումները, հայաստանցի մարզիկը 230 կիլոգրամով դարձավ նաեւ այս մրցաձեւի ու երկամարտի Եվրոպայի չեմպիոն: Սակայն Վարազդատը ծանրաձողի քաշն ավելացրեց եւս 10 կգ-ով ու նորից պահելով գլխավերեւում` երկամարտում ցույց տվեց 440 կգ, ինչը արդեն 50 կիլոգրամով էր ավելի մոտակա հետապնդողի ցուցանիշից: Նաեւ տեղեկացնենք, որ Լալայանը թե պոկում, թե հրում վարժություններում հրաժարվեց երրորդ մոտեցումներից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ