«Սիրելի ժողովուրդ, ձեզ խաբում են, Սուրեն Պապիկյանն ու Փաշինյան Նիկոլը խաբում են: Սուտ է, ոչ մի փոփոխություն չկա, ՀՀ որեւէ օրենք չկա, որ եռամսյա հավաք պետք է լինի, ինչպես որեւէ օրենքով չի, որ որոշվել է եռամսյա հավաք, այդպես էլ՝ որևէ օրենսդրական փոփոխությունով չի, որ որոշվելու է 25-օրյա հավաք»,- այսօր, «Բանակի ռեֆորմացիա. չհաշվարկված գաղափարներ» թեմայով քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն՝ անդրադառնալով պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների օրերը կրճատելու իշխանության նոր նախաձեռնությանը:
Հիշեցնենք, ըստ այդմ, եռամսյա հավաքների ժամկետ է սահմանվում 25 օրը: «Օրենքը նախատեսում է միայն, որ կարող են զորահավաքներ անցկացվել։ Մնացած մանրամասներն ընդունվում են աշխատանքային կարգով։ Իշխող խմբակցության ներկայացուցիչներից մեկն ասաց, որ մինչեւ փետրվար չի ընդունվելու, այսպես կոչված, 25-օրյա հավաքի անցման փոփոխությունը բոլոր զինապարտ անձանց համար»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հայտարարեց, որ նույնկերպ որեւէ մեկն օրենսդրական փոփոխությամբ չի որոշել, որ երկու ամիս ուսումնական ծառայությունից հետո նորակոչիկը պետք է մարտական հերթապահություն իրականացնի, ինչն արվում է այժմ. «Տարիներ առաջ 6 ամիս ուսումնական պատրաստությունից հետո էին մարտական հերթապահություն իրականացնում: Դրա մասին Պապիկյան Սուրենը չի խոսել նիստին, որովհետեւ ձեզ ամեն օր խաբում են»:
Ըստ նրա, իշխանությունը ստել է նաեւ 4,5 ամսվա ծառայության դիմաց 24 մլն դրամի վճարման հարցում, քանի որ, ըստ ընդդիմադիր պատգամավորի, ներկայացված նախագծում 24 մլն դրամի մասին խոսք չկա։ Գեղամ Մանուկյանը նաեւ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ իշխանությունը մինչ օրս որեւէ փաստաթուղթ չի ստորագրել երկրի անվտանգության ռազմավարության վերաբերյալ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ