Լրահոս
Օրվա լրահոսը

«2021 թվականին էլ էր ռազմական բյուջեն ավելացել, ի՞նչ եղավ. ՀՀ տարածքը չօկուպացրի՞ն». Արտակ Զաքարյան

Հոկտեմբեր 25,2022 18:24

«Կատարվեց այն, ինչ կատարվեց Արցախի հետ, ինչ կատարվում է ՀՀ-ի հետ, այսինքն՝ ձախողվեց. գործող իշխանությունները, իմ կարծիքով, ձախողեցին միտումնավոր»,- այսօր «Այլընտրանքային նախագծերի» կազմակերպած «Բանակի ռեֆորմացիա. չհաշվարկված գաղափարներ» թեմայով քննարկման ժամանակ, անդրադառնալով այդ ԶՈՒ զարգացման 7–ամյա պլանի չիրագործման պատճառներին, ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա հիշեցրեց, որ դեռ 2017 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հանձնարարել էր մշակել ԶՈՒ արդիականացման 2018-2025 թվականների՝ նոր յոթնամյա ծրագիրը՝ յոթ հիմնական ուղղություններով. օրենսդրական դաշտի ձեւավորում, զինված ուժերի զարգացման, մարտունակության բարձրացման, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման համալիր ծրագիր, կառավարման արդյունավետության բարձրացում, մասնագիտական գրավչության բարձրացում, այդ թվում՝ ռազմական կրթություն, զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիր՝ բնակարանավորում, բուժսպասարկում, վետերանների եւ զորացրվող զինծառայողների հարցեր, զոհվածների և հաշմանդամների կողքին կանգնելու կարողություն:

ՀՀ ԶՈՒ արդիականացման ծրագիրը, ըստ բանախոսի, համապարփակ փաստաթուղթ էր, անցել էր երկարատեւ եւ լայն փորձաքննություն, ընդունվել էր նաեւ Ազգային Անվտանգության խորհրդի կողմից՝ որպես կոլեգիալ փաստաթուղթ, իսկ փաստաթղթի հիմնական նպատակը՝ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններից հետո հաշվի առած թերությունները, բացթողումները, խնդիրները լուծելն էր։ Արտակ Զաքարյանի բնութագրմամբ, այն քաղաքական ուղերձ էր՝ ուղղված թե դաշնակից պետություններին, թե տարածաշրջանի երկրներին, առավել ևս, թշնամական տրամադրված երկրներին. «Եվ եթե ամեն բան գնար արդիականացման ծրագրի ներքո, այդ ծրագրով դրված ուղղությունների վրա, ապա մենք 2020 թվականին մեր եւ օդային, եւ հակաօդային, եւ ցամաքային կարողությունները մի քանի անգամ ավելի արդիական տեսքի բերած կլինեինք»:

Նախկին փոխնախարարի խոսքով, բանակը, զինված ուժերը կենդանի օրգանիզմ են, ունեն հստակ խնդիրներ եւ անորոշության ու բառակույտերի մեջ փորձել տեսլական տալ ԶՈւ զարգացման համար, այն, ինչ անում են գործող իշխանությունները, անիրատեսական է: Արտակ Զաքարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ պաշտպանական գերատեսչությունն այսօր չի ստեղծել որեւէ նմանատիպ առաջնորդող փաստաթուղթ. «Հեշտ է հայտարարել՝ աննախադեպ ավելացրեցինք ռազմական բյուջեն եւ ռազմական կարիքներին ուղղվող ծախսերը, երբեք այսպիսի բյուջե չի եղել: Այո, եթե 2009 թվականի բյուջեն վերցնենք, այդ ժամանակ հանգիստ կարող էին ասել՝ երբեք այսպիսի բյուջե չի եղել, 2018 թվականին՝ 24 տոկոսով ավելացել է բյուջեն. երբեք այդպիսի տոկոսով չէր ավելացել, բայց դա թմբկահարելն իմաստ չունի, քանի դեռ իրական կյանքում այդ միջոցները, որոնք հանրությունը, պետությունը տրամադրում է իր իսկ պաշտպանության համար, կենսական կիրառում չստանան. 2021 թվականին էլ էր բյուջեն ավելացել, ի՞նչ եղավ. ՀՀ տարածքը չօկուպացրի՞ն: 2022-ին էլ էր ավելացել՝ ի՞նչ եղավ»: Արտակ Զաքարյանի կարծիքով, գործող իշխանությունը ոչ որեւէ ռեսուրս, ոչ էլ ցանկություն ունի պաշտպանական ոլորտի խնդիրները լուծելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31