«Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ Կոնստանտին Զատուլինի՝ ՀՀ այցի նպատակն էր Լազարյան ակումբի անդամների հետ միասին այցելել Ջերմուկ, որն առաջնագծի է վերածվել»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:
Հիշեցնենք՝ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։
Բենիամին Մաթևոսյանը նշեց, որ Կոնստանտին Զատուլինը դիմել էր ՀՀ իշխանություններին Ջերմուկ այցին օժանդակելու համար, սակայն ի պատասխան ստացավ այն, ինչ բոլորին է հայտնի:
Անդրադառնալով ՀՀ պաշտոնական պատճառաբանությանը Կոնստանտին Զատուլինի՝ ՀՀ մուտքն արգելելու առիթով, քաղաքագետը նկատեց. «Մենք տեսնում ենք, որ պետությունը և հայ-ռուսական հարաբերությունները նույնականացվել ու միավորվել են Նիկոլ Փաշինյանի մեջ: Եթե նա քննադատում է Փաշինյանին, ուրեմն քննադատում է հայ-ռուս փոխհարաբերությունները»:
Կարդացեք նաև
Ըստ քաղաքագետի՝ երբ ՌԴ կողմից փորձեր են արվում ՀՀ-ին աջակցության, դրանք չեն ողջունվում ՀՀ իշխանությունների կողմից: Այս առիթով նշեց. «Ուստի իրավունք ունենք կարծելու, որ այն օգնությունը, որ ուզում էր տրամադրել Կոնստանտին Զատուլինը՝ որպես պետդումայի պատգամավոր և այն վերաբերմունքը, որին արժանացավ, միգուցե ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններն էլ են նույն մակարդակում: Փորձում են ինչ-որ գործողություններ իրականացնել, բայց հայկական կողմը միտում չունի ընդունել այդ օգնությունը: Սա վարկած է, որն արժե քննարկել, և մեր հանրությունը հետագայում պետք է պատասխաններ ստանա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ