«Հիմա խաղաղությունն ավելի հեռու է, քան երբեւէ։ Սկզբում հանուն «խաղաղության» հանձնեցին Սյունիքի շուրջ ձեւավորված անվտանգության գոտին, հետո Գորիս-Կապան ավտոճանապարհը, բայց խաղաղության փոխարեն ստացանք հարձակում ՀՀ սուվերեն տարածքի վրա։ Ադրբեջանցիները քայլելով մտան ու գրավեցին Սեւ լճի մի մասը, իսկ Փաշինյանն ասում էր՝ հո կռիվ չե՞նք անելու։ Նույն կերպ մտան Ներքին Հանդ»,- ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Հիմա էլ ասում են, թե խաղաղության գինն Արցախն է։ Եթե կարճ, ասում են՝ Արցախը տանք, ՀՀ-ն պահենք։ Նախ, ո՞վ եք դուք, որ մեր ծնողների, մեր եւ սերունդների անունից տաք Արցախը, առ ոչինչ անեք Եռաբլուրում հանգչող տղաների զոհողությունները։ Երկրորդ, Արցախը մեր անվտանգության բարձիկն էր հողի վրա, իսկ հիմա՝ բանակցություններում։ Արցախը հանձնելուց հետո սեղանին հայտնվելու է փաստաթուղթ՝ Սյունիքի, հետո նաեւ Հայաստանի վերաբերյալ»,-հավելեց Աննա Գրիգորյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ