Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ եռամսյակում 7-ով ավելացել են ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ տարատեսակ ճնշումների դեպքերը. Աշոտ Մելիքյան

Հոկտեմբեր 25,2022 17:34

Ճգնաժամերի լուսաբանման ժամանակահատված, այսպես բնութագրեց այս տարվա երրորդ եռամսյակը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության «Մամուլի սրահում» ներկայացնելով տվյալ ժամանակահատվածում Հայաստանում խոսքի ազատության վիճակը և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները:

Նրա խոսքով, դա պայմանավորված էր մի շարք արտակարգ իրավիճակներով՝ օգոստոսին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում մեկուկես տասնյակից ավելի մարդկանց կյանք խլած ուժգին պայթյունով և դրա հետ կապված հետագա իրադարձություններով, սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծած նոր ագրեսիայով ու ՀՀ տարածքում շարունակվող բախումներով, ինչպես նաև երկրում ներքաղաքական պայքարի սրացումներով։

«Ադրբեջանական ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք են դարձել նաև դրանք լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Մասնավորապես՝ Հայաստանի սահմանամերձ Սոթք բնակավայրում հակառակորդը թիրախավորել է լրագրողական խմբին և կրակ արձակել այդ ուղղությամբ։ Հայկական լրատվամիջոցների աշխատակիցների համար անհարկի խոչընդոտներ են ստեղծել նաև ռուս խաղաղապահները, որոնք արգելել են որոշ լրագրողների մուտքն Արցախ, ինչի համար պատշաճ հիմնավորում չի տրվել»,-նշեց Մելիքյանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցի համաձայն, նշյալ ժամանակահատվածում էլ շարունակվել են կոնֆլիկտային միջադեպեր գրանցվել բարձրաստիճան պաշտոնյաների և լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև՝ վերջիններիս կողմից մասնագիտական պարտականությունները կատարելիս։

«Ընդհանուր առմամբ՝ եռամսյակի ընթացքում 7-ով ավելացել են ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ տարատեսակ ճնշումների դեպքերը, այդ թվում՝ իրավական մեխանիզմների կիրառմամբ։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնություններին և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին, ապա դրանց թիվը նվազել է համապատասխանաբար 9-ով և 4-ով։ Այդուհանդերձ, իրավիճակը մնում է մտահոգիչ, քանի որ ճգնաժամային պայմաններում շարունակում են կրկնվել իրավապահների կողմից ուժի անհիմն կիրառման դեպքերը, պետական գերատեսչությունները հաճախ պատշաճ պատասխան չեն տալիս ԶԼՄ-ների՝ տեղեկություններ տրամադրելու հարցումներին, խնդրահարույց են մնում պաշտոնյա-լրագրող հարաբերությունները»,-հայտնեց բանախոսը։

Անցած երեք ամիսների ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ տարատեսակ ճնշումների 18 դեպք, տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի 20 խախտում և 2 ֆիզիկական բռնության փաստ, որի արդյունքում տուժել է 3 ԶԼՄ ներկայացուցիչ։ Ընդդեմ լրատվամիջոցների ներկայացրած նոր դատական հայցերի թիվը 9 է։

Լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների առավել արտառոց դեպքերի առնչությամբ լրագրողական 11 կազմակերպություններ հանդես են եկել դատապարտող հայտարարություններով։

Լրագրողների ու միջադեպերի որպես վառ օրինակ Աշոտ Մելիքյանը բերեց, երբ «Ազգային Ժողովի նախագահը ցուցում տվեց, որպեսզի դուրս հանեն լրագրողին, փաստորեն ուժ կիրառելով դուրս հանեցին Ազգային Ժողովից, ինչը մեր գնահատմամբ, անհամաչափ է և մեծ հաշվով անօրինական որոշում էր, որովհետև միանձնյա, առանց փաստաթուղթ ընդունելու՝ չի կարելի»:

Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների դեպքերի նվազում նկատվում է ընթացիկ տարվա նախորդ եռամսյակների համեմատ ևս: Առաջին եռամսյակում գրանցվել է այդպիսի 45 դեպք, երկրորդ եռամսյակում՝ 24, երրորդ եռամսյակում՝ 20:

«Թեպետ ցուցանիշների նվազում նկատվում է, բայց ես կարծում եմ, որ այս տեսանկյունից իրավիճակն էապես չի բարելավվել: Լրատվամիջոցներն են սկսել ավելի քիչ դիմել, որովհետև շատ դեպքերում պատշաճ պատասխան չեն ստանում, լղոզված պատասխանները շատ են լինում: Զավեշտալին այն է, որ տեղեկություն տրամադրելու 5 օրյա ժամկետը լրանալուց հետո պահանջում են 30 օր, դրա ավարտին էլ ասում են՝ գաղտնիք է, չենք կարող պատասխանել»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Որպես ուշագրավ իրադարձություն, Աշոտ Մելիքյանն ընդգծեց այն փաստը, որ սեպտեմբերի 14-ին ԱԺ-ի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխությունների ընդունումը, որոնցով խստացվեց պատասխանատվությունը տեղեկատվության ազատության խախտումների համար։ Ըստ այդմ՝ հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկություններ չտրամադրելու համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկից մինչև 50-ապատիկի չափով տուգանքը դարձել է 30-ապատիկից 70-ապատիկ, իսկ վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով տուգանքը դարձել է 100-ապատիկից մինչև 150-ապատիկ:

Եռամսյակի ընթացքում շարունակվել է «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դատական վեճը՝ կապված ՀՌՀ անցկացված լիցենզավորման մրցույթների արդյունքում կայացված որոշումների հետ։ Ստեղծվել է մի աննախադեպ իրավիճակ, երբ դատական ատյաններում պարտվելուց հետո ՀՌՀ-ն ստիպված նոր մրցույթներ է հայտարարել հանրային մուլտիպլեքսում մայրաքաղաքային և հանրապետական սփռման սլոթերի գործածման լիցենզիաներ տրամադրելու համար։

Հայաստանը, ըստ «Article 19» միջազգային կազմակերպության հուլիսի 12-ին հրապարակված զեկույցի, խոսքի ազատության առումով դասվել է թույլ սահմանափակումներով երկրների շարքին՝ 161 երկրների մեջ զբաղեցնելով 46-րդ տեղը։ Ի դեպ, Ադրբեջանը 136-րդ տեղում է, Թուրքիան՝ 141-րդ, Իրանը՝ 143-րդ․ վերջիններս դասվում են ճգնաժամային երկրների շարքին։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31