«Հայ-ռուսական հարաբերությունների մասին ընտանեկան թերթով գաղտագողի ծանուցումներ տվող, երկիրը թերթով ղեկավարող «հավաստի աղբյուրն» այսօր հայտարարել է, որ արգելվում է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ․ մարդու, որը մշտապես աչքի է ընկել բացառապես հայամետ դիրքորոշումներով, ում մուտքը տարիներ առաջ արգելվել է Ադրբեջան՝ Արցախ այցելելու եւ հակամարտության վերաբերյալ հայանպաստ դիրքորոշումներ արտահայտելու համար»,- ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Սա աչքալուսանք է Ադրբեջանին եւ Թուրքիային, որի քաղաքացիներն անարգել մտնում են ՀՀ, պղծում ցեղասպանության հուշահամալիրը, որի պաշտոնյաները ՀՀ տարածքային ամբողջականության դեմ հայտարարություններ են անում եւ ՀՀ իշխանության կողմից չեն հռչակվում անցանկալի անձեր։ Զատուլինը հեղինակել է ՌԴ պետդումայի 1995թ․-ի որոշումը, որից հետո դումայի կողմից ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը։ Հայ-ռուսական հարաբերությունները հետեւողականորեն փչացնող իշխանությունը բացառապես սեփական իշխանության շահերից է մեկնաբանում Զատուլինի խոսքերը, քանի որ «հավաստի աղբյուրին» միայն սեփական աթոռն է հետաքրքրում»,-հավելեց Ագնեսա Խամոյանը։
Նա նշեց, որ Կոնստանտին Զատուլինն արդեն արձագանքել է՝ ասելով, որ ՀՀ իշխանության «հիստերիկ քայլերը» չեն դադարեցնելու իր հայանպաստ գործունեությունը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ