ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 24-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաներն ու մանկավարժները հյուրընկալվել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում:
Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը միտված է փոխադարձ այցելությունների, կադրային փոխանակումների միջոցով հաղթահարելու միջհամայնքային մեկուսացումը: Ծրագրի նպատակներն են ՀՀ-ում գեղարվեստական կրթության նախագծեր իրականացնող հաստատությունների միջև համագործակցության խթանումը, փորձի փոխանակումն ու մայրաքաղաք-մարզեր կապի ամրապնդումը:
«Ինչպես երաժշտական և արվեստի դպրոցների սաները փոխայցելությունների միջոցով կճանաչեն միմյանց, մոտիկից կծանոթանան մյուսների գործունեությանը, ձեռքբերումներին, այնպես էլ մանկավարժական փոխշփումները կլինեն առավել ինտենսիվ: Վերջին տարիներին աննախադեպ ծավալների ենք հասցրել կրթամշակութային ծրագրերը` կողմնորոշվելով այն պարզ ճշմարտությամբ, որ եթե հենց այս տարիքում հաջողվում է ներազդել պատանիների գիտակցության վրա, ձևավորել որոշակի ճաշակ և գեղարվեստական չափանիշ, ուրեմն կարող ենք ունենալ մասնագիտական և քաղաքացիական հեռանկար: Ծրագիրը հստակ կրթական բաղադրիչ ունի: Մեր հետապնդած նպատակներն այս տարիքի երեխաների դեպքում շատ ավելի լայն նշանակություն ունեն, քան զուտ մասնագիտական կողմնորոշումը: Այդ իմաստով «Քույր-դպրոցներ»-ը հաջողված ծրագրերից մեկն է: Ուրախ եմ, որ ոչ միայն սաների միջհամայնքային շփումներն են ապահովվում, այլև ցույց ենք տալիս այն սաներին, որոնք ունեն միջազգային հաջողություններ»,- նշել է Արա Խզմալյանը:
Կարդացեք նաև
Նա նաև հավելել է, որ ծրագրում ներառված են «Դելփյան» խաղերի մեդալակիրները, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի սաները: Փոխնախարարի տեղեկացմամբ` «Քույր-դպրոց» ծրագրի ֆինանսավորումն ընդգրկված է 2023 թվականի պետական բյուջեի նախագծում, ըստ որի՝ ծրագիրը կունենա նաև զարգացում և կհամալրվի նոր գաղափարներով:
Միջոցառման շրջանակում Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաներն ու մանկավարժները քույր-դպրոց՝ Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում հանդես են եկել հագեցած ծրագրով. ելույթ են ունեցել համերգային կատարումներով, իսկ մանկավարժներն աշտարակցի փոքրիկների համար անցկացրել են վարպետության դասեր: Համերգային ծրագրում ընդգրկված էին Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի 25 աշակերտներ: Վարպետության դասերը վարել են Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի ուսուցիչներ՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ Կարինե Հարությունյանը (դաշնամուր), ՀՀ վաստակավոր մանկավարժ, պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը (քանոն), դոցենտ Ջուլիետա Նազարյանը (դասական երգեցողություն), Անահիտ Սարգսյանը (ջութակ):
Նշենք, որ ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրն իրականացվում է 2019 թվականից Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
2019 թվականից գործող ծրագիրը ներկայում իր շուրջն է համախմբել Երևանում և ՀՀ մարզերում գործող երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցները, իսկ 2022 թվականին ծրագիրն ընդլայնել է աշխարհագրությունը. հանրապետության շուրջ 60 դպրոցների մանկավարժներ և սովորողներ հնարավորություն են ստացել ձևավորված միասնական հարթակի շրջանակում իրականացնելու համատեղ ծրագրեր, կազմակերպելու փոխայցելություններ:
Հատկանշական է, որ փոխայցելությունների շրջանակում իրականացվում են համերգային միջոցառումներ, ցուցահանդեսներ, վարպետության դասընթացներ, իսկ մասնակից երեխաների համար կազմակերպվում են նաև հայրենաճանաչության բաղադրիչ ունեցող այցելություններ: Այս տարիների ընթացքում հազարավոր երեխաներ այցելել են Երևանի և ՀՀ մարզերի պատմամշակութային և տեսարժան վայրեր, թանգարաններ:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ