Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բաբալարյան. «2022 թվականին պատմության մեջ առաջին անգամ հունահռոմեականները բոլոր տարիքային խմբերում ոսկե մեդալ են նվաճել»

Հոկտեմբեր 25,2022 16:51

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը Իսպանիայում անցկացված մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում իր ղեկավարած թիմի մասնակցությունը համարում է բավարար, քանի որ բոլոր գույներից մեկական մեդալ նվաճվեց: Սակայն մասնագետը նշեց, որ ակնկալիքներն ավելի շատ էին: Նրա խոսքով, մեր բոլոր ըմբիշներն էլ ի վիճակի էին մեդալ նվաճել, սակայն տարբեր պատճառներով չստացվեց:

Բաբալարյանը մեկ առ մեկ վերլուծեց բոլոր տղաների գոտեմարտերը, նշեց յուրաքանչյուրի սխալները, նաեւ մեդալ նվաճած ըմբիշների: Նրա խոսքով, երբ հաղթանակ է լինում, թերությունները սովորաբար այնքան էլ տեսանելի չեն լինում, հատկապես մարզասերների աչքին: Սակայն ինքը այլ մոտեցում ունի: Պարտադիր ըմբիշին մատնացույց է անում գոտեմարտի ընթացքում թույլ տված սխալները եւ միասին աշխատում են հետագայում դրանք վերացնել:

Արմեն Բաբալարյանը տեղեկացրեց, որ ըմբիշները առաջիկա մի քանի օրերին կհանգստանան, որից հետո անձնական մարզիչների եւ մեծահասակների հավաքականի անդամների հետ կնախապատրաստվեն դեկտեմբեր ամսին կայանալիք Հայաստանի առաջնությանը:

U23 աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը նշեց, որ առաջնությանը լավ էին նախապատրաստվել եւ մարզիչների հետ ծավալուն աշխատանք էին կատարել: Սակայն իր մասնակցությունը գնահատեց միջին, որովհետեւ եզրափակչում այն գոտեմարտը չվարեց, ինչ կարող էր, թեեւ հունգարացի մրցակիցը ուժեղ եւ փորձառու մարզիկ էր: «Ես հաղթում էի 4:0 հաշվով, սակայն սխալներ թույլ տվեցի ու, ճիշտն ասած, մի քիչ էլ շտապեցի, ինչի հետեւանքով նա հաշիվը հավասարեցրեց ու առաջ անցավ: Հիմա, կարծում եմ, մարզիչների հետ ավելի շատ կաշխատենք ֆիզիկականի, արագաուժային վարժությունների եւ հոգեբանական պատրաստվածության վրա: Պիտի անենք այնպես, որ գոտեմարտից առաջ որոշակի լարվածությունը, ոչ թե խանգարի, այլ դա ճիշտ օգտագործենք»,- ասաց ըմբիշը:

Բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը շեշտեց, որ կարող էր ավելի լավ հանդես գալ, որ ոսկի կամ արծաթ նվաճելու հնարավորությունն ուներ: Դեր խաղաց նաեւ այն որ մեկ ամիս առաջ մեծահասակների աշխարհի առաջնությունից հետո ուշ էր վերականգնվել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31