Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժողովրդի վերաբերմունքը տվյալ պատգամավորի հանդեպ շատ ավելի մեծ պատժամիջոց է, քան կսահմանենք օրենքով»․ ՔՊ պատգամավոր

Հոկտեմբեր 25,2022 16:38

ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր քննարկվեց ՔՊ խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արփի Դավոյանի եւ Ալխաս Ղազարյանի հեղինակած՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու նախագիծը, ըստ որի՝ պատգամավորի երդման տեքստի տակ պետք է լինի ստորագրություն: Այս պահին ԱԺ կանոնակարգով սահմանված է, որ խորհրդարանի առաջին նիստում ողջույնի ելույթից հետո պատգամավորները երդվում են, իսկ ԱԺ առաջին նիստից բացակայող, կամ խորհրդարանի կազմը համալրած այլ պատգամավորները երդվում են իրենց մասնակցությամբ առաջին նիստին: Պարզվում է, որ առաջին նստաշրջանում երդված պատգամավորների համար չկա երդման տեքստի տակ ստորագրելու պահանջ, դա սահմանված է միայն հետո՝ բացակայող պատգամավորների կամ տեղերը համալրող պատգամավորների համար: Նախագծով առաջարկվում է նախատեսել երդման տեքստի գրավոր հավաստում երդվողի կողմից: Ինչպես գլխադասային հանձնաժողովում Ալխաս Ղազարյանն էր ասել, սրա նպատակն է հրապարակային տրված հանդիսավոր երդումը ամրագրել ու դրանով մանդատի պատասխանատվության գիտակցումը մեծացնել։

ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց․ «Եթե, այդուհանդերձ, չի ստորագրում։ Ի՞նչ է լինելու»։ Ալխաս Ղազարյանը պատասխանեց․ «Կոնկրետ փաստ տեսել ենք, որ չեն երդվել, բայց ստորագրելու հետ կապված կարող եմ ասել, որ պատժամիջոց այս պահին չկա, սակայն որոշ երկրներում կան պատժամիջոցի տեսակներ, կարող ենք վերցնել այդ փորձը։ Բայց կարծում եմ, որ ժողովրդի վերաբերմունքը տվյալ պատգամավորի հանդեպ շատ ավելի մեծ պատժամիջոց է, քան կսահմանենք օրենքով։ Այսինքն, չեմ կարծում, որ պատգամավորական երդումից հրաժարվողները հետո նորից հնարավորություն կունենան եւս մեկ անգամ ակնկալելու ժողովրդի քվեն»։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորների թվում կան երդում չտված կամ երդման տեքստի փոխարեն այլ խոսք հնչեցրած պատգամավորներ։

ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանն էլ ասաց․ «Տիկին Ղազարյան, միգուցե ճիշտ կլինի, որ նոր եկած պատգամավորնե՞րը չստորագրեն։ Կա երդման տեքստ, որը բոլորի համար ընդունելի է։ Եթե ընդունելի չէ, բնականաբար, չեն էլ ստորագրի։ Արդյոք մյուս պաշտոնյաները ունե՞ն երդման տեքստ, այլ գերատեսչություններում ստորագրո՞ւմ են»։

Ալխաս Ղազարյանը պատասխանեց․ «Այո, եթե երդվում ես, նաեւ ստորագրում ես, բայց մենք նախադեպ ունենք, ուստի լավ կլինի, որ գրավոր հավաստում էլ լինի, որ երդվել ես»։

Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ կարծում եք, որ այս օրենքի ընդունումից հետո այլեւս չեն լինի՞ նման միջադեպեր, որեւէ մեկն այլ տեքստով չի՞ երդվի։ Ալխաս Ղազարյանը պատասխանեց․ «Չէ, չեմ բացառում, բայց ամեն դեպքում կարգավորումն անհրաժեշտություն է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31