Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական խորհրդարանը զեկույցի նախագծում դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը

Հոկտեմբեր 25,2022 16:32

Եվրոպական Խորհրդարանում վերջին ամիսներին  մշակվում է «Մշակույթի և միջազգային մշակութային հարաբերությունների նոր եվրոպական օրակարգը 2023-2026 թվականների համար» (Implementation of the New European Agenda for Culture and the EU Strategy for International Cultural Relations) զեկույցը, որտեղ մշակութային  գլոբալ քաղաքականության արդյունավետ իրականացման ռազմավարության համար, ի թիվս այլ հրատապ հարցերի, կարևորվել է ԼՂ մշակութային արժեքների պաշտպանության հարցը։

Եվրոպական խորհրդարանի գործընկերների հետ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ներկայացնել լրամշակում, որով հղում կկատարվեր ԵԽ կողմից 2022թ. մարտին ընդունված՝ ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ բանաձևին, որում Ադրբեջանին ուղղված հստակ և քննադատական ուղերձներ կան՝ (հաշվի առնելով 2015 թվականի ապրիլի 28-ի «ISIS/Da’esh» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված մշակութային վայրերի ոչնչացման և 2022 թվականի մարտի 10-ի Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ իր որոշումները.)

Լրամշակումների ներկայացման վերջնաժամկետը (սեպտեմբերի 16) համընկավ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հետ, և Նատալի Լուազոն ներկայացրեց նաև առանձին լրամշակում՝ հետևյալ խմբագրությամբ՝ «Դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում՝ խախտելով միջազգային իրավունքը և 2021 թվականի դեկտեմբերի 7-ի դատարանի որոշումը. Դատապարտում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերսկսված ագրեսիան, որն էլ ավելի է վտանգի ենթարկում հայկական մշակութային ժառանգությունը. կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջ դնի ռազմական գործողություններին և մասնակցի Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ջանքերին, մասնավորապես՝ մեխանիզմներ տեղակայելով՝ նպաստելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը)»:

Մեկ այլ լրամշակում ներկայացվեց ԵԺԿ խմբակցության հույն և կիպրացի ութ պատգամավորների կողմից՝ «կոչ է անում թուրքական իշխանություններին լիովին հարգել մշակութային և կրոնական հուշարձանների և խորհրդանիշների պատմամշակութային բնույթը, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկվածներին. կոչ է անում Թուրքիային ամբողջությամբ հարգել քրիստոնեական, հայկական, պոնտական և հրեական ծագում ունեցող հուշարձանները պաշտպանելու իր միջազգային պարտավորությունը»:

Քվեարկության նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին, ԵԽ խմբակցություններին ուղարկվեց «Caucasus Heritage Watch»-ի նոր զեկույցը և դրանում արձանագրված՝ Հադրութի սրբ. Սարգիս եկեղեցու ոչնչացման դեպքը:

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեն հոկտեմբերի 13-ի նիստում կայացած քվեարկությամբ ձայների մեծամասնությամբ ընդունվեցին նախորդ բանաձևերին հղում անելու վերաբերյալ լրամշակումը, ինչպես նաև 106-րդ և 137-րդ լրամշակումները:

Վերոնշյալ 106-րդ լրամշակման ընդունումն այս պահին կարևոր էր ոչ միայն պայմանավորված դրանում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հստակ դատապարտմամբ, այլ նաև Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերյալ զեկույցների մշակմանը զուգահեռ հայկական մշակութային արժեքների ոչնչացման՝ Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող AFET դիրքորոշման վերահաստատմամբ. 2022թ. մարտին ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանը շատ ակտիվ քարոզչություն է իրականացնում նշյալ բանաձևի «միակողմանի լինելու» ուղղությամբ:

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monumentwatch) ակադեմիական հարթակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31