Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կոնստանտին Զատուլինը դիմել էր Մհեր Գրիգորյանին՝ Ջերմուկ գնալու համար

Հոկտեմբեր 25,2022 16:16

ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է դիմել նամակ-խնդրանքով՝ աջակցել հոկտեմբերի 29-ին, «Լազարեւյան ակումբի» անդամներին եւ իրեն՝ գտնվել Ջերմուկ քաղաքում եւ քաղաքի հարակից տարածքներում՝ սեպտեմբերի 13-14-ից հետո ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով:

Այս մասին իր տելեգրամյան ալիքում տեղեկացնում է Կոնստանտի Զատուլինը:

Նամակում նաեւ նշված է, որ սեպտեմբերին, Ադրբեջանի զինված ուժերն այդ ուղղությամբ, առաջ են եկել՝ մխրճվելով Հայաստանի ինքնիշխան տարածք:

Այսօր Կոնստանտին Զատուլինն իր ՌԴ պետդումայի պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեով նամակ է ստացել այն մասին, որ իր այցը Հայաստան «անցանկալի» է. «ՀՀ ԱԺ-ի ղեկավարության հանձնարարությամբ տեղեկացնում ենք Ձեզ, որ ցավոք, Հայաստանի հանրապետության վերաբերյալ Ձեր վերջին շրջանի հրապարակային հայտարարությունները վնաս են հասցնում մեր պետությունների միջեւ բարեկամական եւ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը: Սրանով պայմանավորված, հետագայում ձեր այցերը ՀՀ համարվում են անցանկալի»:

Նամակը ստորագրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության պետ Տիգրան Սեյրանյանը:

Ի դեպ, այս առիթով «Նովոստի Արմենիայի» հարցմանն ի պատասխան, ՀՀ ԱԳՆ-ից փոխանցել են, որ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի Հայաստան մուտքի արգելքի մասին տեղեկատվության չեն տիրապետում:

Հիշեցնենք, ավելի վաղ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կոնստանտին Զատուլինն անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՌԴ դիրքորոշմանը․ «Պաշտոնական Ռուսաստանի դիրքորոշումը, որը կասկածի տակ չարժի դնել, կայանում է նրանում, որ երկու հարևան երկրների միջև խաղաղության պայմանագիրը ցանկալի է, հատկապես 2020թ-ի արյունալի պատերազմից հետո, սակայն խաղաղության պայմանագրի ստորագրման փաստն ինքը չի վերացնում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, կարգավիճակի և այնտեղ ապրող հայկական բնակչության ազատության և իրավունքի պաշտպանության խնդիրը»։

Խոսելով բանակցային գործընթացի, մասնավորապես՝ Ադրբեջանի վարած քաղաքականության մասին, Զատուլինը նշել էր. «Ադրբեջանի ղեկավարությունը վերջին ժամանակները չափազանց ակնհայտ, հրապարակայնորեն, համառորեն ասում է այն մասին, որ ընդհանրապես չկա ԼՂ խնդիր, ասում են, որ ԼՂ էլ չկա, այլ կա ինչ-որ տնտեսական շրջան, համապատասխանաբար չկա ո՛չ ինքնավարություն, ո՛չ ինչ-որ կարգավիճակի անհրաժեշտություն։ Այն, ինչ նրանք խոստանում էին երեսուն տարիների ընթացքում՝ մինչև 2020թ-ի պատերազմը, տեղի ունեցած բանակցային գործընթացի ժամանակ, ամենալայն ինքնավարություն, և այլն․․․ այսօր ոչ մի հետք չկա այդ խոսակցությունից, կարծես թե նույն այդ մարդիկ չէին տանում այդ բանակցությունները ողջ այդ ժամանակի ընթացքում։ Նրանք շտապում են օգտվել այսօրվա Հայաստանի ներքին և արտաքին բարդ վիճակից»։

Զատուլինը չի բացառել, որ վերջին սրացումները փոխկապակցված են ռուս-ուկրաինական պատերազմի հետ․ «Չնայած յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը, բայց ես վստահ եմ, որ վերջին սրացումները փոխկապակցված են նրա հետ, որ Ադրբեջանի և նրա ամենամոտ դաշնակցի՝ Թուրքիայի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ռուսաստանն այս պահին չափազանց զբաղված է Ուկրաինայում իր գործերով, նույն այդ տպավորությունը ստեղծվում է նաև Արևմուտքի երկրների մոտ, որոնք ակտիվացել են Կովկասի ուղղությամբ, ցանկանում են որքան հնարավոր է արագ դուրս մղել Ռուսաստանին միջնորդական առաքելությունից»:

Խոսելով ՀՀ ներկա իշխանության՝ ՌԴ-ի հանդեպ վերաբերմունքից, Կոնստանտին Զատուլինն ասել էր. «Փաշինյանի, նրա կողմնակիցների, և նրան աջակցողների դեգերումները, նրանց բացահայտ, որոշ դեպքերում թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, որը հատկապես դրսևորվում է այս օրերին, խնդիրներ է առաջացնում այն առումով, որ մենք վստահենք այնպիսի դաշնակցի, ինչպիսին Հայաստանն է՝ իր ներկա կառավարությամբ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31