Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն Երևանին մեղադրում է «Լաչինի միջանցքը չարաշահելու» և հակահետևակային ականներ տեղափոխելու մեջ

Հոկտեմբեր 25,2022 16:07

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ «իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում» ականների հետ կապված խնդիրը լուծելու համար:

«Անհրաժեշտ է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նա իրականացնի եռակողմ հայտարարությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները, դադարեցնի գործողությունները, որոնք խարխլում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, վերջնականապես դուրս բերի իր զինված ուժերը Ադրբեջանը տարածքից, դադարեցնի Ադրբեջանի տարածքում ականների ոչ ընտրողական տեղադրման գործողությունները, համագործակցի ականազերծման գործում և Ադրբեջանին տրամադրի ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ: Այդ քայլերը կնպաստեն տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգության»,- ասվում է հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության չորրորդ կետը խախտելով՝ Հայաստանը ոչ միայն իր զորքերը դուրս չի բերում Ադրբեջանի տարածքից, այլև շարունակում է մեծ քանակությամբ հակահետևակային ականներ տեղադրել Ադրբեջանի տարածքում, և դա պատճառ է դառնում ականների վրա պայթելու դեպքերի աճին՝ «ոչ միայն նախկին շփման գծի երկայնքով, այլև այլ տարածքներում»:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ վերջին 30 տարում Ադրբեջանում ականների վրա պայթյունից զոհվել է 3345 մարդ, այդ թվում 38 կին և 357 երեխա: Բացի այդ, 266 մարդ վիրավորվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, 45 մարդ, որոնցից 3-ը լրագրող, զոհվել է: 2020թ-ից հետո զոհվածներից 35-ը քաղաքացիներ են:

ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ «Հայաստանում արտադրված հակահետևակային ականների տեղափոխումն Ադրբեջանի տարածք» ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Երևանը չարաշահում է Լաչինի միջանցքը, որը, համաձայն եռակողմ համաձայնագրի, միայն քաղաքացիական անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար է, ինչպես նաև «վկայում է այն մասին, որ բացակայում են հիմքերն այնպիսի հայտարարությունների համար, թե վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանն իբր չի արտադրել և արտահանել հակահետևակային ականներ»:

Ադրբեջանի ԱԳՆ-ից հավելել են, որ Հայաստանի կողմից տրամադրված ականապատ դաշտերի ճշգրտությունը 25 տոկոս է: Ըստ Ադրբեջանի՝ Հայաստանի նման գործողությունը «ռազմական հանցագործություն է, Երևանի ստանձնած մարդասիրական պարտավորությունների և միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում»:

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես տեղեկացրել և համապատասխան ապացույցներ է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարանին առ այն, որ «Հայաստանի կողմից շարունակվող ադրբեջանական տարածքների ականապատումը խախտում է ժամանակավոր միջոցները», որոնք սահմանված են ՄԱԿ-ի Միջազգային դատարանի՝ 2021թ. դեկտեմբերի 7-ի ժամանակավոր միջոցների մասին որոշման մեջ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31