Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկա մի քանի ամիսը ճակատագրական է լինելու Հայաստանի, հայության համար». Քրիստինե Վարդանյան

Հոկտեմբեր 25,2022 15:38

«Առաջիկա մի քանի ամիսը ճակատագրական է լինելու Հայաստանի, հայության համար»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով այն լուրերին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան եռակողմ գագաթնաժողովի:

Պատգամավորը շեշտեց՝ Արցախի հարց չէ և շարունակեց. «Մենք հիմա պայքարում ենք Երևանի, կասկադի, Ջերմուկի, Տավուշի, Շիրակի․․․մինչև Ստեփանակերտ յուրաքանչյուրի տան համար»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության մասին՝ նա ասաց. «Գործ ունենք մի մարդու հետ, որը գնում է Բրյուսել, խոստանում՝ ինչ ուզեն, անի, գնում է Մոսկվա, խոստանում է անել՝ ինչ ուզեն: Այստեղ գալիս, ասում է՝ ինքը ոչինչ անել չի կարող, քանի որ իր դիմաց նստած են հզորները: Իրականում ինքը բոլոր տեղերում չի բանակցում Գորիս-Կապան ճանապարհի, ադրբեջանցիների՝ Ջերմուկից դուրս գալու, գերիների վերադարձի համար, այլ բանակցում է իշխանություն պահելու համար: Անգամ Թուրքիայի հետ բանակցում է իր սեփական իշխանության երաշխիքների համար»:

Պատգամավորը վստահեցնում է՝ ՀՀ-ն ունի ռեսուրս և կարող է այս աշխարհաքաղաքական պայմաններում խուսափել ճակատագրական փաստաթղթերի ստորագրումից: Քրիստինե Վարդանյանը վստահեցրեց. «ՀՀ-ն չպետք է կապիտուլացվի, դրա ռեսուրսը կա: Ստում են, երբ ասում են, որ մեզ պարտավորեցնում են փաստաթուղթ ստորագրել: ՀՀ դաշնակիցներն ուղիղ ասում են, որ այս պայմաններում պետք է այս ստատուս քվոյի պահպանումը: ՀՀ-ն կարող է չզիջել իր կենսական տարածքները և կարող է այս անվտանգային շահերը պաշտպանելու հարցում ունենալ Իրանի և ՌԴ-ի աջակցությունը, քանի որ շահեր կան, որ համընկնում են»:

Այս առիթով պատգամավորն ասաց. «Երբ Իրանը Ադրբեջանի հետ պայմանավորվում է և սեփական տարածքով տալիս է ճանապարհ Նախիջևանին կապվելու համար, դրանով բավարարում է Ադրբեջանի պահանջը: Ասում է՝ ուզում ես կապվել Նախիջևանի հետ, կապվիր իմ տարածքով՝ դրանով հանելով բեռը ՀՀ-ի վրայից: Երբ Արցախում կանգնած են ռուսական զորքերը և ռուսական քաղաքական դրոշը, դրանով է միայն ապահովվում այնտեղ հայերի անվտանգությունը: Էլ ի՞նչ պիտի անի դաշնակիցը: Այսինքն՝ մենք թվիթի ու ռեալ պաշտպանության փոխարեն անընդհատ պիտի ընտրենք թվի՞թը: ՀՀ-ն ունի դաշնակից, բայց պետք է իշխանություն, որը բանակցում է կոնկրետ քայլերի վերաբերյալ»:

Անդրադառնալով Արցախի խնդրին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Արցախում պետք է այդ կոմպլեմենտարության վերջը դրվի: Ուղիղ պետք է ասվի, որ համաձայն չեն նրա հետ, ինչ կատարվում է: Եթե դա չի լինում, շատ բան դժվարանում է: Այդ ընտրությունը պետք է կատարվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31