Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանել վարչական պատասխանատվություն

Հոկտեմբեր 25,2022 15:56

Առաջարկվում է նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության փոխարեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների համար սահմանել վարչական պատասխանատվություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների կողմից նվերներ ստանալու սահմանափակումներ նախատեսող կարգավորումները համախմբել մեկ իրավական ակտում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 25-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում՝ ներկայացնելով «Հանրային ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում նոր կարգավորումները:

Փոխնախարարի տեղեկացմամբ գլխադասային հանձնաժողովում քննարկման փուլում կատարվել են մի շարք փոփոխություններ: Արփինե Սարգսյանը, պատասխանելով Սարգիս Խանդանյանի հարցին, ներկայացրել է «նվեր» հասկացության սահմանումը: «Սույն օրենքի իմաստով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որեւէ այլ ձեւով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետեւանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն»: Փոխնախարարը նաեւ մանրամասնել է փոխկապակցված անձանց շրջանակը. դրանք են՝ պաշտոնատար անձի ամուսինը, ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը, քույրը եւ եղբայրը:

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ իր հարցադրման ընթացքում առաջարկել է օրենքով արգելել պաշտոնյայի առհասարակ որեւէ նվեր ընդունելը:

Հարակից զեկուցմամբ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախատեսվում է ավելի կոնկրետացնել վերահսկողական մեխանիզմները՝ կհստակեցվեն այն մարմինները, որոնք իրականացնելու են այդ գործընթացները, շահերի բախման առումով կհստակեցվի նաեւ փոխկապակցված անձանց շրջանակը: Պատգամավորի տեղեկացմամբ հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել օրենսդրական փաթեթին՝ պայմանով, որ երկրորդ ընթերցումից առաջ կլինեն քննարկումներ, եւ որոշ դրույթներ կհստակեցվեն:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն իր ելույթում անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությանը եւ այդ պայքարում Կառավարության հետեւողականությանն ու վճռականությանը՝ նշել է, որ կարեւոր է ծայրահեղության մեջ չընկնելը. «Եթե մենք փորձում ենք խնդիրը լուծել օրենքը բարելավվելու միջոցով, բայց շատ ենք ծայրահեղացնում, ստացվում է, որ ոչ օրենքն է գործնականում կիրառվելու, եւ ոչ էլ խնդիրներն են լուծվելու»,-ընդգծել է Բաբկեն Թունյանը: Պատգամավորի գնահատմամբ ձեւակերպումները, որոնք միջազգային կառույցների կողմից ընդունելի են, դրույթները, որոնք այլ երկրներում կիրառելի են, մեր դեպքում կարող են արդյունավետ չլինել եւ դրանով օրենքը կարժեզրկեն, քան կնպաստեն իրական խնդիրների լուծմանը:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31