«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների համաձայն՝ ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներով բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելն առանց փոխադրումների իրականացման թույլտվության` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչեւ մեկ տոննա, եւ ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ 200 հազար դրամ։ Նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստում։
Նախագծի զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Դանիելյանից ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ այս սահմանափակումն ի՞նչ ազդեցություն կունենա՝ հաշվի առնելով երկրում ընթացող շինարարության մեծ ծավալները։
Արմեն Դանիելյանը պատասխանեց, որ ըստ ուսումնասիրությունների՝ հիմնական իրավախախտումները վերաբերում են մինչեւ մեկ տոննայի չափով քաշի գերազանցման դեպքերին, ուստի մեծ հաշվով սա խնդիրներ չի առաջացնելու շինարարության համար։
ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հետաքրքրվեց՝ կշռման համար անհրաժեշտ սարքավորումներ կա՞ն։ Դանիելյանը պատասխանեց, որ տեսչական մարմինն այս պահին ունի երկու շարժական կշեռքներ․ «Վերազինման հարցն արդիական է։ Հետագայում նախատեսում ենք նոր կշեռքներ ունենալ եւ գիտենք, թե որ ճանապարհների վրա ենք դրանք տեղադրելու»։
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ նկատեց․ «Գերծանրաբեռնված տրանսպորտային միջոցները հայտնաբերելու պրակտիկան ամիսներ առաջ սկսվեց, եւ բողոքներ եղան։ Շահառու անձինք հրավիրվել են, եկել ենք եզրահանգման, որ կառավարության համապատասխան որոշումը համապարփակ չէ, կան խնդիրներ։ Բայց իմ հարցը հետեւյալն է․ նախապես պետք է այդ կշեռքներն ունենալ, հետո՝ այս կարգավորումը մտցնել։ Օրինակ, Մեղրու անցակետով երբ տրանսպորտային միջոցը մտնում է ՀՀ տարածք, կշռվում է ընդհանուր բեռը։ Մեղրու անցակետը չունի հնարավորություն սղնիները կշռելու։ Մարդը գիտի ընդհանուր կշիռը, մտնում է ՀՀ, սակայն Սիսիանում կանգնեցնում են եւ վարչական արձանագրություն կազմում։ Կարծում եմ՝ այս օրենքն այն ժամանակ պետք է ուժի մեջ մտնի, երբ մաքսակետերում բոլոր հնարավորություններն ունենանք կշռելու։ Այլապես ստացվում է, որ մարդուն թույլ ենք տալիս մտնել ՀՀ, բայց մի քանի կմ հետո պարզվում է, որ սղնու վրա գերծանրաբեռնվածություն կա»։
Արմեն Դանիելյանն արձագանքեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում հարցը կքննարկեն․ «Հիմա մենք չարաշահումներն ենք ուզում կանխել»։ Խաչատրյանը պնդեց մոտեցումը․ «Պետության պարտավորությունն է՝ արդեն իսկ ՀՀ մտած տրանսպորտային միջոցի հանդեպ կիրառել պատասխանատվության միջոց, եթե կա գերբեռնվածություն։ Բայց եթե մաքսակետում մի անգամ կշռվելուց հետո խնդիր չի լինում, սակայն մի քանի մկ հետո նորից ստուգում են ու հայտնաբերում գերբեռնվածություն, ուրեմն՝ պետությունն այստեղ խնդիր ունի»։
Ապա ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ողջունեց նախագիծը եւ այն կարեւոր որակեց․ «Պետությունը միլիարդավոր դրամներ է ծախսում ճանապարհների եւ ենթակառուցվածքների հիմնանորոգման համար, եւ որոշ ոչ բարեխիղճ տնտեսվարողներ գերբեռնված մեքենաներով ողջ ներդրումը ի քիչ են դարձնում։ Գերծանրաբեռնված մեքենաներով երթեւեկելիս ասֆալտբետոնե շերտը քայքայվում է, քանդվում։ Անձամբ տրանսպորտի նախարար եղած ժամանակ առիթ եմ ունեցել տեսնելու թրթուրավոր տեխնիկա՝ նոր ճանապարհով երթեւեկելիս։ Այդ գյուղացուն խնդրել եմ տեխնիկան դուրս բերել ճանապարհից, որովհետեւ մեկ միլիոն դոլարի գումար էր ծախսվել այդ ճանապարհի վրա»։
Ապա Արմեն Խաչատրյանը կառավարությանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որում կլինեն բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները․ «Մի շարք հարցեր դուրս են մնացել նախագծից»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ