Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Մարտիրոսյան․ «Անգամ վիրավոր արջը կարող է թաթով այնպես հասցնել Հայաստանին, որ լինի այն, ինչ տեղի ունեցավ 90-ականների սկզբում»

Հոկտեմբեր 25,2022 15:16

«Տարբեր կողմեր ունեն տարբեր շահեր, ինչ-որ շահեր տարբեր պատճառներով համընկնում են, եւ կան շահեր, որոնք հակադրված են։ Շահերի քարտեզը պետք է շատ լավ հասկանանք, ոչ թե ենթադրություններ անենք»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսում ասաց Բոստոնի CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։ Նրա կարծիքով՝ հայկական կողմին թվում է, թե իրենք շատ լուրջ եւ հաջողակ բանակցողներ են, սակայն բանակցությունների ընթացքից եւ արդյունքներից պարզ է, որ պրոֆեսիոնալիզմի մեծ բաց կա։

«Բանակցողը պետք է կարողանա խաղը ճիշտ կարդալ եւ խաղը փոխել, որպեսզի այն նպաստի իր շահերին, եւ որպեսզի կարողանա պահպանել ավելի լավ տարբերակներ։ Խաղը շատ բարդ է, տարբեր շերտերի վրա է եւ եթե մենք ունենք սխալ պատկերացում խաղերի մասին՝ մենք չենք կարող ձեւավորել գլխավոր ռազմավարությունը։

Ինչո՞ւ է վերջին շրջանում մեծացել գերտերությունների հետաքրքրությունը հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի շուրջ եւ ինչո՞ւ ավելի վաղ չկար այս ծավալի հետաքրքրություն, Մարտիրոսյանն այս հարցի առնչությամբ ասաց՝ արեւմուտքի հիմնական շահը Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղելն է, որպեսզի թուլացնեն Ռուսաստանը եւ ամբողջ հարավային եւ արեւմտյան Ռուսաստանի կայսրությունում ճնշման գոտի ստեղծեն․ «Երկրորդը՝ կան պրոզայիկ շահեր, դա նավթն ու գազն է, որ արեւմուտքը կուզենա դուրս բերել Ադրբեջանից, Միջին Ասիայից՝ ավելացնելով, հզորացնելով այդ հնարավորությունները, որպեսզի այն ծառայի այլընտրանք ՌԴ-ին»։

Արդյոք Հայաստանի ուղերձները՝ խաղաղության եւ Արցախի մասին աշխարհին հասկանալի՞ են, այս հարցին ի պատասխան էլ Մարտիրոսյանն ասաց․ «Հիմքում գաղափարախոսական մոտեցումն է, որը նոր չի ձեւավորվել։ Իշխող ուժը 90-ական թվականներից փորձում էր հասկանալ՝ ինչ մեծ ռազմավարություն պետք է ունենա երկիրը։ Իրենց պատկերացմամբ՝ բոլոր երկրները պետք է դառնան ժողովրդավարական՝ ուշ, թե շուտ, եւ եթե դառնում են ժողովրդավարական, ապա լինելու է ժողովրդավարական հավերժ խաղաղություն։ Այստեղ բազմաթիվ վրիպումներ կան, եւ եթե դու փորձում ես այդպես մոտենալ հարցին, այո, ինչպես ԱՄՆ դիվանագետներն էին ասում հայ բանակցողներին՝ լուծեք Ղարաբաղի խնդիրը, նկատի ունենալով, որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում, փակեք Թուրքիայի հետ անցյալի էջը եւ դուք կապրեք հավերժ խաղաղության դարաշրջանում, ապա տեսնում ենք, որ իշխող ուժը գործում է այդ ուղղությամբ։ Իրենց պատկերացմամբ՝ այդպես էլ լինելու է։ Բայց այդպես չի լինելու, որովհետեւ Ադրբեջանը ժողովրդավար չէ, ոչ էլ մոտակա տասնյակ տարիներին կարող է դառնալ ժողովրդավար, եւ ոչ էլ Թուրքիան է ժողովրդավար։ Եթե Թուրքիային դնենք ժողովրդավարական երկրների ցանկում, դա չի նշանակում, որ նա չունի էքսպանսիոնիստ կամ ագրեսիվ ծրագրեր։ Մենք տեսնում ենք խաղաղությունից խոսող Էրդողանին՝ պանթուրքական քարտեզը ձեռքին։ Մենք պետք է իրատես լինենք եւ հասկանանք, թե ինչ են ուզում, ինչու են պնդում, որ միջանցքը կարեւոր է իրենց համար։ Մեր իշխանությունների քաղաքականությունն ավելի է իրենց ամրապնդել, որ իրենք կարող են հասնել իրենց նպատակներին այս տարածաշրջանում»։

Բանախոսի կարծիքով՝ միջազգային խաղացողների հետաքրքրությունների աշխուժացումը որպես հայկական կողմի պրոակտիվ դիվանագիտության արդյունք չէ, ուղղակի, ինչպես նա ասաց, արեւմուտքը տեսավ, որ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայով, հնարավորություն կա օգտվելու․ «Իրենց նպատակը ՌԴ-ի դուրս մղելն է, եւ իրենք քայլեր ձեռնարկեցին։ Մեզ համար դա շատ վտանգավոր է»։

Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ միջազգային խաղացողներն ունեն ավելի կարեւոր շահեր, եւ Թուրքիան դա շատ լավ գիտակցել է ԵՄ-ի հետ հարաբերություներում, նույնն անում է Ադրբեջանը․ «Ադրբեջանը հասկանում է, որ ԵՄ-ի համար շատ կարեւոր են նավթն ու գազը։ Ալիեւը տեսնում է, որ իրեն քննադատում են, բայց դա չունի զսպող գործիք։ Զսպելու համար կոնկրետ պատժիչ գործիք է պետք։ Հիմա եթե մենք հույս ենք դրել այն բանի վրա, որ Ալիեւ եւ թուրքերը չեն փորձելու ուժային միջոցով լուծել իրենց խնդիրը, մենք էլի կվրիպենք»։

Մարտիրոսյանի կարծիքով՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի այս ծավալի ուշադրությունը հարավային Կովկասի նկատմամբ վտանգավոր է Հայաստանի համար՝ հայտնվելով ՌԴ եւ արեւմուտք շահերի բախման կենտրոնում․«Մենք չենք կարող դառնալ մի նոր Ուկրաինա այս տարածքում։ ՌԴ-ն սկզբում բրյուսելյան հանդիպումներին ոչ այնքան քննադատորեն էր մոտենում, իրենք մտածում էին՝ հա, թող գնան խոսեն, միեւնույն է, բանալին մեր ձեռքում է, բայց հետո տեսան, որ սա կարող լուրջ լինել, տեսան ինչպես է հակառուսական մթնոլորտ ստեղծվում Հայաստանում, եւ այնպես չէ, որ դրան Ռուսաստանը չնպաստեց, բայց պարզ է, թե ինչպես եւ ինչ ուժերով, ով էր աշխատացնում այդ հիստերիան։ Եթե ստորագրվի պայմանագիր, որով Հայաստանն իրոք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, դա վտանգավոր է ռուսների համար, որովհետեւ կասի՝ մենք ձեզ չենք հրավիրել, այս ժողովրդի անվտանգությունը մենք մեզ վրա ենք վերցնում, դուք ի՞նչ գործ ունեք այստեղ; Իսկ Ռուսաստանն այլ շահեր եւ պատկերացում ունի այս տարածաշրջանում, եւ եթե անգամ ասում են՝ արջը (նկատի ունի ՌԴ-ն, Ն․Բ․) վիրավոր է․․․միեւնույն է, արջը մնում է արջ, եւ թաթով կարող է այնպես հասցնել Հայաստանին, որ այն, ինչ տեղի ունեցավ 90-ականների սկզբում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույն ձեւ հակակայսրության պայքար էր տանում եւ այլն, մենք տեսանք ինչի դա բերեց։ Շատերը մոռացել են, թե ինչ էր տեղի ունենում 1991 թվականի մարտ ամսին եւ ինչպիսին էր մեր վիճակը, եթե չլիներ այդ հեղաշրջում կոչենք, թե հեղափոխություն՝ օգոստոսի 15-ին, ինչ քայլերի էր պատրաստ գնալ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Մեր իշխանություններն, ինձ թվում է, հասկանում են այդ պահերը, ուղղակի տարվան այն բանով, որ Ռուսաստանի օրերը հաշված են, պարտվելու են եւ այլն, եւ եթե այդպես է, ուրեմն իրենք արագացրեցին այդ ընթացքը, այլընտրանքային խաղ սկսեցին, բայց այդ խաղը խաղալու համար դու պետք է վստահ լինես, որ դու ունես զսպող էլեմենտ այդ խաղում, եւ քո այլընտրանքը՝ արեւմուտքն ասում է՝ հայեր, ձեզ չենք թողնի, իրական է»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31