ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ժամանակ հայտարարել էր. «Անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը գրավել է Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք»: Մինչդեռ վարչապետն այլ բան էր հայտարարել՝ 10 քկմ, 41, 51 քկմ, բայց ոչ 127:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Կարծում եք, այսօրվա իշխանությունները երբեւիցե ճշմարտությունը կասե՞ն»:
Ըստ նրա, 44-օրյա պատերազմից հետո պարտությունների շարանը շարունակվել է ու «Դիմադրության շարժումը» հենց դա կանխելու համար էր:
Կարդացեք նաև
Օհանյանը պնդեց, որ 50 դիրքի կորուստ է եղել, որովհետեւ երկրի պաշտպանությամբ չեն զբաղվել իշխանությունները. «Լավ, զենք չի մատակարարվել, գումարներ եք մուծել, պարտականությունները չեն կատարել, լավ, բա մեր երկրում բահ, քլունգ չի՞ եղել, կարելի էր պայմանագրեր կնքել ու երկրի պաշտպանությունը կազմակերպել: Սահմանային բնակիչներն ասում էին, որ իրենք են երկար ժամանակ խնդրում՝ ընդգրկեք մեզ խրամատավորման գործում»:
Հարցին՝ ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ կա՞ն՝ Օհանյանը պատասխանեց, որ չենք կարող մեր աշխարհագրական դիրքից պոկվել ու այլ տեղ գնալ ապրելու:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի անգործությանը՝ նա ասաց, որ ՀԱՊԿ-ի ոչ մի երկիր չի գալու մեր համար խրամատ փորի ու մեր սահմանները պաշտպանի. «Եթե դու ռազմական դրություն չես հայտարարել, գոռգոռում ես, ասում ես՝ եկեք ինձ պաշտպանեք: Նորմալ մարդը ինքն է իրեն պաշտպանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ