«Ինձ տեւական ժամանակ մտահոգում է առաջին դասարանցիների՝ դպրոց գնալու համար հերթագրման էլեկտրոնային տարբերակը։ Հարց է առաջանում։ Ինչո՞ւ է այդպես, որովհետեւ շատերն ուզում են գնալ Չեխովի անվան դպրոց։ Իսկ ինչո՞ւ են ուզում այդտեղ գնալ, որովհետեւ Բանգլադեշի դպրոցում, ենթադրաբար, կրթության մակարդակը ցածր է։ Սա վատ է։ Այնպես անենք, որ Բանգլադեշի դպրոցում էլ կրթության մակարդակը բարձր լինի»,-ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր նման մտահոգություն արտահայտեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Կրթությունը դարձնում եք վիճակահանությո՞ւն։ Ի՞նչ գիտեք, որ այն երեխաները, որոնց հաջողվեց Չեխովի դպրոց գնալ, մեր վաղվա ապագան են։ Գուցե Բանգլադեշում մնացին այն երեխաները, որոնք օգտակար կլինեին մեր հասարակությանը, եթե ամեն ինչ ճիշտ անեինք։ Մտածելու բան կա։ Բացի այդ, երկու տարի հետեւում եմ․ դպրոցական արձակուրդների ժամանակ երթեւեկությունը քաղաքում բավականին հեշտ է։ Բա չեք նկատե՞լ։ Բարի եղեք նաեւ դպրոցական ավտոբուսներ տրամադրել, որ քաղաքը չպարալիզացվի»։
ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, որն այսօր զեկուցում էր կրթության բարելավմանն ուղղված միջազգային վարկային համաձայնագրի մանրամասները, ելույթի իրավունքից չօգտվեց․ Հովիկ Աղազարյանի մտահոգությունն արձագանքի չարժանացավ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ