«Բուհերի միավորման հետ կապված այս վերջին պատմությունները որ եղան, ես անկեղծ չգիտեի, այդ ժամանակ իմացա, որ մեր բոլոր հայտնի բուհերը, որոնք մենք համարում ենք առաջատար, տեղ չեն գրավում աշխարհի լավագույն բուհերի անգամ ոչ թե 1000-յակում, այլ 10000-յակում։ Հիմա եթե նման հավակնություններ ունենք եւ տարիներ շարունակ խոսում ենք կրթության բարելավման, կրթության ֆինանսավորման ավելացման մասին, ապա, ձեր կարծիքով, տեսանելի ժամանակահատվածում այս ուղղությամբ կարո՞ղ ենք վերեւ բարձրանալ»,-ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է Համաշխարհային բանկի հետ վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը, եւ համաձայնագրով հատկացվելիք միջոցներն ուղղվելու են այդ թվում բուհական կրթության որակի բարելավմանը։
Արթուր Մարտիրոսյանը պատասխանեց․ «Որպես այն թիմի անդամ, որը համակարգում է այս գործընթացը, ես շատ լավատես եմ։ Այո, հենց ամբողջ հարցը դրանում է, որ եթե միայն բուհը դիտարկենք, ապա մեծ հաջողություններ չենք կարող ունենալ։ Բայց նախակրթական հաստատություններից սկսած՝ պետության ներդրումները համապարփակ են։ Ակնկալում ենք, որ չորս բուհեր լավագույն 500-յակի մեջ պետք է լինեն 2030թ․-ին, բայց դա առանձին ներկայացվելու է ԱԺ-ի քննարկմանը, հուսամ՝ մոտ ապագայում»։
Հիշեցնենք, որ կառավարության որոշման նախագիծ է շրջանառվում, որով նախատեսվում է միավորել Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը, Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանն ու Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ