«Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցությունների հնարավորությունների, հայաստանյան իշխանությունների հետ հանդիպման արդյունքների եւ առկա ցավալի իրավիճակի շուրջ «Իրավունքը» զրուցել է «Արցախի ժողովրդավարական կուսակցության» նախագահ, Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։
— Վերջերս կայացավ Արցախի պաշտոնական պատվիրակության հանդիպումները ՀՀ իշխանությունների հետ: Որքանո՞վ Ձեզ, որպես կուսակցության ղեկավարի, ապա նաեւ արցախցու բավարարեցին այն հավաստիացումները, որ ԱՀ-ի թիկունքում գաղտնի որոշումներ, փաստաթղթեր չեն ստորագրվելու:
— Եթե որեւէ մեկը հինգ տարի առաջ այդպիսի հարց ձեւակերպեր, հաստատ նրան այլ որակում կտային: Ցավալի է, բայց այս ամենը իրողություն է. Արցախից, այն էլ պաշտոնական մակարդակով, պատվիրակություն է մեկնում Երեւան` պարզելու ղարաբաղյան կարգավորման թեմայով Հայաստանի իշխանությունների կողմից տարվող քաղաքականության իսկությունը: Այս փաստն արդեն իսկ խոսում է վստահության լուրջ դեֆիցիտի մասին, որ այսօր կա արցախյան հանրության մեջ՝ ՀՀ գործող իշխանությունների հանդեպ:
Ոչ ոք չի թերագնահատում այն բարդ եւ ծանր աշխատանքը, որ կա Արցախի շահերը պաշտպանելու ճակատում եւ հատկապես 2020թ. աղետալի պատերազմից հետո: Բայց հենց դրա համար էլ իշխանություններին տված են իրավասություններ, նրանց են հասու բոլոր այն լծակներն ու միջոցները, որ անհրաժեշտ են ազգային շահերը պաշտպանելու համար: Եվ դեռ հարց է, եթե 2021թ. հունիսի 20-ի ընտրություններում օրվա իշխանությունների ծրագիրը Արցախի հետ կապված հարցերում լիներ այլ դրույթներով եւ մեկ այլ ոճի մեջ, ինչ եւ ինչպես այսօր հնչեցվում են հրապարակային ելույթներում եւ միջազգային պարտնյորների հետ, արդյոք կհավաքեի՞ն այդքան տոկոս ձայները:
Կարդացեք նաև
Իրավիճակի դրամատիզմը այն է, որ Արցախի ժողովուրդը դեռ ՀՀ իշխանություններին էլ պետք է ապացուցի ինքնորոշվելու իր իրավունքը: Եթե այդպես չէ, ապա թող իրենց հանդիպումներում հենց այդ թեզն էլ դարձնեն իրենց գլխավոր պնդումը: Հակառակ դեպքում մնում է եզրակացնել, որ քաղաքական այն թիմը, որ ամբողջական պատասխանատվություն է ստանձնել հայկական պետության ապագայի համար, ամբողջովին հեռացել է մեր ժողովրդի ազատագրական պայքարի ակունքներից, իսկ դա հղի է լուրջ, կործանարար հետեւանքներով:
Ինձ համար, այնպես էլ արցախցիների գերակշիռ մեծամասնության համար, անբավարար են այն հավաստիացումները, որ ներկայացվել են որպես հաստատում այն բանի, թե որեւէ գաղտնի պայմանավորվածություններ չեն կարող լինել: Նման թերահավատության հիմքերը քիչ չեն, բայց միայն երկուսի մասին նշեմ: Առաջինը, որ հավաստիացումները կամ լոզունգները մոռանալու նախադեպեր արդեն կան: Եվ երկրորդ, որ այդպես չվարվելու համար բոլորովին ուրիշ քաղաքականություն է պետք վարել. երկու տարվա ընթացքում կարելի էր արժանապատվությունը վերականգնելու երեւացող քայլեր անել: Անզորությունը որպես պատճառ բռնելը, որեւէ իշխանության դեմք չի զարդարում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: