«Կարեն Դեմիրճյանի անվան 139 դպրոցը բավականին բարվոք եւ լավ վիճակում է՝ այն դեպքում, երբ 8-րդ մասիվում գտնվող թիվ 198 ավագ դպրոցը խղճալի վիճակում է։ Վերանորոգման համար 139 դպրոցն ի՞նչ սկզբունքով է ընտրվել։ Մեկ ուրիշ դպրոց շատ ավելի ունի դրա կարիքը»,-ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է Համաշխարհային բանկի հետ վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը, եւ համաձայնագրով հատկացվելիք միջոցներով 4 ավագ դպրոցներ են նորոգվելու, այդ թվում՝ 139-ը։
Արթուր Մարտիրոսյանը պատասխանեց․ «Այս վարկային համաձայնագրի շրջանակում չորս դպրոցներ են վերանորոգվելու, իսկ կառավարության ծրագրով նախատեսված է 300 դպրոցների վերակառուցում կամ հիմնանորոգում։ Ձեր ասած ցանկերն ունեն ընտրության որոշակի մեխանիզմներ։ Այս պարագայում նախկինում ստեղծվել են 13 ավագ դպրոցներ, հիմա ավելանալու են չորսը։ Ինչո՞ւ հենց 139 դպրոցը, որովհետեւ խոսքը կոնկրետ այս վարկային համաձայնագրի մասին է։ Իհարկե, խնդիր ենք դրել բոլոր դպրոցները վերանորոգել։ Ձեր ասած դպրոցը եւս նկատի կունենանք, դրա համար մասնագիտական խմբեր կան։ Բայց ձեր ասածը եւս անպայման հաշվի կառնենք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ