«ՀՀ-ի եւ Համաշխարհային բանկի միջեւ կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցն այսօր քննարկվեց ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստում։ Ինչպես հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, այս վարկային համաձայնագիրը նախատեսում է մոտ 22.6 միլիոն եվրոյի լրացուցիչ վարկային միջոցների ներգրավում, ստորագրվել է հունիսին։
«Նախատեսում ենք ընդլայնել ծրագրի ուղղությունները։ Հինգ գործողություններ ամբողջովին համահունչ են կառավարության ծրագրին, մասնավորապես՝ մարդկային կապիտալի բաժինը, «կրթություն» ենթաբաժինը։ Նախատեսվում է, որ առաջիկա երեք տարում՝ մինչեւ 2025թ․ վերջ, հնարավոր կլինի իրագործել կրթական բարեփոխումների կարեւոր քայլեր։ Չորս ավագ դպրոցների հիմնանորոգման, վերակառուցման եւ գույքով ապահովման մասին է խոսքը՝ Երեւանի թիվ 139 ավագ դպրոց, Աշտարակի, Վանաձորի, Արտաշատի ավագ դպրոցներ։ 200 հանրակրթական ուսումնական հաստատություններում կհիմնվեն լաբորատորիաներ»,-տեղեկացրեց Արթուր Մարտիրոսյանը։
Փոխնախարարի խոսքով՝ կառավարության ծրագրով արդեն իսկ սահմանված է, որ բոլոր 1400 դպրոցները պետք է ունենան ժամանակակից բնագիտական եւ ինժեներական լաբորատորիաներ․ «Այս ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի նման լաբորատորիաներ ունենալ եւս 200 դպրոցներում։ Նախորդիվ այդպիսի 107 լաբորատորիաներ արդեն ստեղծվել են։ Հաջորդը 80 նախակրթարանի ստեղծումն է, իսկ նախորդիվ ստեղծվել էին 130-ը։ Նախակրթարանների տարածքների նորոգում, սարքավորումների եւ նյութերի ձեռքբերում, դաստիարակների վերապատրաստումներ են նախատեսվում»։
Ինչ վերաբերում է բուհական համակարգին, ապա ծրագրեր կիրականացվեն՝ նպաստելու համար դասավանդման մեթոդների արդիականացմանը, գիտահետազոտական աշխատանքներին, աշխատաշուկայի հետ կապերի զարգացմանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ