Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ եռակողմ հայտարարության եւ դրան հաջորդած փաստաթղթերում միջանցքի գաղափարը հիշատակվում է միայն Բերձորի վերաբերյալ՝ որպես Արցախի ժողովրդի կենսագործունեության կենսական ուղու: Վերոնշյալ փաստաթղթերում որեւէ այլ միջանցքի մասին արձանագրում չկա, հետեւաբար հարց է ծագում, թե ինչու են թյուրքական զույգ պետությունները «միջանցք» եզրույթն օգտագործում եռակողմ հայտարարությունների համատեքստում: Չավուշօղլուն այստեղ իր դատողություններում ավելի առաջ է գնում՝ վերոհիշյալ եզրույթը կապելով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացի հետ:
Ադրբեջանը եւ Թուրքիան ակնարկում են Մեղրիով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ավտոմոբիլային եւ երկաթուղային ուղիները: Ալիեւն էլ, իր դիրքորոշումը հիմնավորելիս, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներոմ մտավախություն է հայտնում, թե իր քաղաքացիները ՀՀ սահմանը հատելիս կարող են խնդիրներ ունենալ ՀՀ սահմանային ծառայության հայ ներկայացուցիչների հետ: Սակայն այստեղ պետք է նկատել, որ ապագայում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման դեպքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործելու է առնվազն երեք հիմնական ճանապարհ, եւ այդ ենթադրյալ խնդիրը բոլոր ուղիներին է վերաբերում, հետեւաբար՝ տրամաբանական չէ այն միայն Մեղրիով անցնող ճանապարհին վերագրելը:
Պարզ է, որ այստեղ խնդիրը «միջանցք» եզրույթի մեկնաբանության մեջ է, եւ այդ հարցում պետք է բանակցությունների միջոցով ընդհանուր հայտարարի գալ: Հայաստանը մշտապես հայտարարել է, եւ դա պահանջում են միջպետական հարաբերությունները կարգավորող միջազգային նորմերը, որ ճանապարհները պետք է գործեն տվյալ պետությունների ինքնիշխանության տիրույթում: Սա նշանակում է, որ բանակցային գործընթացում պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք չխախտեն տարածաշրջանի պետությունների ինքնիշխանությունը եւ հաշվի առնեն նաեւ Բաքվի մտահոգություններն իր քաղաքացիների անվտանգության վերաբերյալ: Այստեղ չենք խոսում այն մասին, որ իր քաղաքացիների համար նման անվտանգային ենթադրյալ իրավիճակ ստեղծել է հենց Բաքուն՝ 44-օրյա պատերազմում եւ դրանից հետո Արցախում եւ ՀՀ ինքնիշխան տարածքում ռազմական հանցագործություններ հեղինակելով ու խրախուսելով:
Վերոշարադրյալ խնդրի միակ լուծումն այդ ճանապարհների բացումն է՝ երկու կողմերի դիրքորոշումների հիման վրա միջին տարբերակը գտնելով: Դա լիովին լուծելի խնդիր է տարածաշրջանում ձեւավորված իրավիճակում եւ ուժերի առկա հարաբերակցության պայմաններում:
Կարդացեք նաև
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: