Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխել ու լրացնել ՔՕ 421-րդ եւ 422-րդ հոդվածները։ Այդ փոփոխություններից հետո քրեորեն պատժելի արարք կդիտարկվի «ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու վերաբերյալ հրապարակային կոչեր հնչեցնելը»։
Փաստորեն, իշխանությունները պատրաստվում են քրեականացնել «ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը», ստացվում է, որ եթե մեկը որոշի հայտարարել, որ Հայաստանի համար այս փուլում լավ կլինի, որ, օրինակ, դառնա միութենական պետության մաս, դա կարող է դիտարկվել որպես ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ մասնակի հրաժարվելուն ուղղված կոչ, եւ այդ մարդու նկատմամբ կարող են քրեական հետապնդում սկսել։
Իրավագիտության թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանին հարցրինք, թե, իր կարծիքով, ինչու է այս արարքը քրեականացվում, եւ արդյոք պա՞րզ է, թե ինչ նկատի ունեն այս ձեւակերպման տակ` ովքե՞ր են քրեորեն հետապնդվելու եւ ինչի՞ համար, այլ կերպ ասած` իրավական որոշակիության խնդիր չկա՞։
«Այս հանցակազմի առկայությունն ինքնին հասկանալի պետք է լիներ արդեն իսկ գործող Քրեական օրենսգրքում: Տարօրինակ է, որ 2022 թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքում նման ձեւակերպում չկար, որովհետեւ տրամաբանական կլինի, որ քրեաիրավական պաշտպանության ենթարկվեն մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, իրավաբանորեն ընկալելի կլիներ, եթե դա արվեր ի սկզբանե։ Ինչ վերաբերում է արդեն իսկ ուժի մեջ մտած օրենսգրքում փոփոխություններին, ապա ենթադրում եմ, որ այն ինչ-որ նպատակ է հետապնդում՝ կապված առանձին քաղաքական ուժերի պլատֆորմների հետ։ Այս պահի դրությամբ քաղաքական ուժեր, որոնք, ըստ էության, Հայաստանի ինքնիշխանությունից համենայնդեպս մասնակի հրաժարում են պահանջում, արեւմտյան ուժերն են, որոնք Եվրամիությանը մասնակցության գերնպատակ ունեն, եւ ԵՄ մասնակցության կոչը, փաստորեն, կոնկրետ գործողությունների առկայության պարագայում կարող է այդ հանցակազմի ներքո դիտարկվել։ Այստեղ իսկապես կա որոշակիության խնդիր, որովհետեւ, ինչպես շատ այլ դեպքերում, այստեղ եւս մենք կարող ենք բախվել թույլատրելի կարծիքի եւ քրեաիրավական արգելքի անհստակության հետ, իսկ իշխանությունները բոլոր դեպքերում վարվում են այնպես, ինչպես այդ պահին քաղաքականապես իրենց հարմար է։ Կարճ ասած՝ անհասկանալի է, թե ինչու ի սկզբանե չի եղել նման մի ձեւակերպում գործող ՔՕ-ում, եւ ինչով է պայմանավորված այս պահին դա առաջ քաշելը»։
Կարդացեք նաև
Իսկ այս հանցակազմի տակ կարո՞ղ են մտել այն հայտարարությունները, երբ, օրինակ, վարչապետն ասում է, որ մենք այս պահին մեր ինքնիշխանության կերտման փուլում ենք, այսինքն՝ այս պահին ինքնիշխանություն չունենք կամ ունենք մասնակի։ Կամ, օրինակ, երբ ասում են, որ Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի տարածքում չէ, կամ՝ երբ ասում են, որ Սեւ լճի համար պատերազմ չեն վարելու։ «Եթե այդ ժամանակ քրեականացված լիներ, վստահ եմ, որ կարելի էր համարել, որ դրանք նույնպես ներառվում են, բայց, կրկնում եմ` օրենքը կիրառողը քաղաքական իշխանությունն է, եւ նա դժվար թե սեփական ղեկավարի նկատմամբ օրենքը կիրառեր։ Ամեն դեպքում, մենք գործ ունենք քաղաքական ուժի հետ, որը մեր ինքնիշխանությունը պարզապես զրոյացրեց, եւ հիմա շատ տարօրինակ է տեսնել, թե ինչպես են փորձում իրենց կողմից զրոյացված ինքնիշխանությունը քրեաիրավական պաշտպանության տակ վերցնել։ Այն ժամանակ, երբ այդ արարքը քրեականացված չէր, մենք ունեինք ինքնիշխանություն, հիմա մենք չունենք ինքնիշխանություն, բայց ունենք դրա քրեաիրավական պաշտպանությունը։ Պարադոքսային իրավիճակ է ստացվել»,- ասաց Մելիքյանը։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: