Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարոզչական» նախագիծ

Հոկտեմբեր 25,2022 10:00

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ մտցնել Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածում եւ խիստ պատիժներ սահմանել ինքնիշխանությունը խախտելու փորձերի համար: Նախագծով առաջարկվում է 12-15 տարվա ժամկետով ազատազրկում նախատեսել «ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունների համար»։ Չեն մոռացել նաեւ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչեր անողներին: Նշենք սակայն, որ փաստաթղթի նախաբանում եւ հիմնավորման մեջ կոչերի մասին հիշատակում կա, իսկ բուն առաջարկվող փոփոխություններում չկա:

Տեսականորեն, իհարկե, ամեն ինչ ճիշտ է. այն մարդկանց, որոնք ցանկանում են բռնությամբ զրկել մեր պետությունն ինքնիշխանությունից, 15 տարին էլ է քիչ, նրանց ցմահ ազատազրկում է հասնում: «Կոչերի» դեպքում ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ. տարբեր արտահայտություններ կարող են մեկնաբանվել կամ չմեկնաբանվել որպես նման «կոչեր»: Օրինակ, ես ցանկանում եմ հետագայում Հայաստանը տեսնել Եվրամիություն վերպետական կառույցի կազմում: Արդյոք նման ցանկություն հայտնելը կհամարվի հանցագործություն:

Ինքնիշխան ենք մենք, թե չէ՝ այդ հարցը մեր քաղաքացիների մեծամասնությանը, որքան հասկանում եմ, առանձնապես չի հետաքրքրում: Բայց նման նախագծի ի հայտ գալն արդարացված է այնքանով, որ պատերազմում պարտվելուց հետո Հայաստանի ինքնիշխանությունը սկսել է ավելի մեծ փորձությունների ենթարկվել, քան դա եղել է նախորդ 29 տարիների ընթացքում: Թերեւս կհամաձայնեի նաեւ այն մտքի հետ, որ պատերազմի պատճառներից մեկը Ռուսաստանի ձգտումն էր՝ ապահովել իր ռազմական ներկայությունն Արցախում, ինչը, բնականաբար, մեզ ավելի մեծ կախման մեջ դրեց եւ սահմանափակեց մեր ինքնիշխանությունը: Դա չի նսեմացնում մեր իշխանության պատասխանատվության աստիճանը, որի վարքագիծը մինչեւ պատերազմը, մեղմ ասած, թեթեւամիտ էր:

Բայց նման օրենքը, եթե ընդունվի, կունենա ոչ այնքան գործնական, որքան քարոզչական նշանակություն: Դա հնարավորություն կտա իշխանության քարոզիչներին հնչեցնելու «5-րդ շարասյան» իրենց «սիրելի» թեզը: Ըստ այդ քարոզչական սխեմայի՝ ներկա իշխանության բոլոր ընդդիմախոսների երազանքն է՝ Հայաստանը մտցնել Ռուսաստանի կազմի կամ միութենական պետության մեջ: Այս նախագիծը կյանքի կոչելը հնարավորություն կտա քարոզիչներին իրենց դուր չեկող ամեն մի ելույթից հետո պաթետիկ տոնով բացականչել՝ «չէ՞ որ օրենք գոյություն ունի, ինչո՞վ են զբաղված մեր իրավապահ մարմինները»:

Բայց ամենահետաքրքիրը հետեւյալ հանգամանքն է. եթե իր իշխանությունը պահելու համար Փաշինյանն իսկապես միացնի Հայաստանը ինչ-որ «Ռուս-Բելառուսի», այդ նույն (իբր, արեւմտամետ) քարոզիչները կասեն՝ «Դե, ի՞նչ կարող էր անել, նախկիններն են գրպանը գցել»: Եվ խնդրո առարկա քրեական հոդվածն էլ չի գործի՝ այն նախատեսված է «կոչերի» համար, միացնելու համար հո նախատեսված չի՞:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Եթե «բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով» արտահայտությունը փոխարինենք «հազարավոր երիտասարդների կյանքից զրկելու միջոցով» արտահայտթւթյամվ, ապա առաջարկվող շարադրանքը կդառնա Նիկոլի հաշվետվությունը՝ կատարած աշխատանքի վերաբերյալ։ Խնդրեմ.
    «ինքնիշխանությունից հրաժարվելուն` հազարավոր երիտասարդների կյանքից զրկելու միջոցով
    հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունների համար»։

  2. Լավատես says:

    Սրան նրան մերժելով հաջողության չես հասնի, անվերջ պաշտպանվելով հաղթանակի չես հասնի: Իշխանության եւ պատասխանատվության միջեւ պետք է հավասարության նշան դնել, սա համակարգային լուծում է պահանջում եւ բարեբախտաբար ռեարմենիա, վոմա եւ նման կազմակերպություններ ունենք, որոնք համակարգային լուծումներ են իրագործում: Մեր այն կուսակցությունները, որոնք հինգերորդ շարասյուն չեն, նույնպես շատ անհրաժեշտ են եւ պետք է միասին մշակեն եւ միաձայն ընդունեն մեր միակ քաղաքական ռազմավարությունը եւ իրար հետ մրցակցեն այդ ռազմավարության իրագործման սեփական մարտավարությունները մրցադաշտ հանելով: Մեր գլխավոր թշնամին մեր անգործությունն է, երբ դու անչափ հետեւողական ես եւ անչափ աշխատասեր, քեզ նույնիսկ թշնամիներդ կօգնեն’ սխալներ գործելով: Եթե քեզ հետ հրաշքներ տեղի չեն ունենում, ուրեմն դու անհավատի մեկն ես, քեզնով Արարիչը չի հետաքրքրվում, իսկ եթե գործում ես հետեւողականորեն եւ քրտնաջան, ապա դու լրացնում ես քո ութսունհինգ տոկոսը եւ դրա դիմաց ստանում տասնհինգ տոկոս հրաշք, սա է ձեր համատեղ բիզնեսը Արարչի հետ 🙂 Բոլորիս ցանկանում եմ հետեւողականություն եւ քրտնաջան աշխատանք:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31