Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ԿԳՄՍ նախարարության հատկացրած դրամաշնորհի շրջանակում տեղի է ունենալու ցուցանմուշների և ցուցադրության փոփոխություն։
Այս պահին ընթանում են ցուցասրահների կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ․ հանվել էին միջսենյակային երկու դռները, որն էլ դարձել էլ աղմուկի պատճառ։
Aravot.am-ը Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նորույթներով է հանդես գալու թանգարանը։
«Ավիկ Իսահակյանի հետ հանդիպել ենք, քննարկել ենք էքսպոզիցիոն պլանը, ինքը հրաշալի տիրապետում է այս գործընթացը, մենք ունեցել ենք շատ լավ համագործակցություն այդ մասով։ Վարպետի թոռը մեզ խոստացել է պատմության մեջ մինչև այժմ անհայտ համարվող Շուշիկի նամակը Իսահակյանին, որովհետև հակառակը կա, երբ Իսահակյանը գրում է Շուշիկին, առնվազն յոթ նամակ կա, բայց հակառակը դեռ չկա, որ Շուշիկի նամակը հայտնի լինի, թե ինչ էր գրում Շուշիկը Իսահակյանին։
Կարդացեք նաև
Մենք գիտեինք, որ այն չկա, որովհետև գրականագիտությունը և բանասիրությունն առհասարակ այդպես գիտեն, բայց վարպետի թոռը պնդեց, որ այն ունի և սիրով կնվիրի թանգարանին։
Մենք մեջտեղի սենյակում աուդիովիդեո սարքավորումների միջոցով փորձելու ենք ստանալ ձայնային կապ, որտեղ վարպետը նամակ է հղում Շուշիկին, Շուշիկը հակադարձը կարդում է Իսահակյանի համար, և սա լսելի է լինելու յուրաքանչյուր այցելուի՝ անընդհատ և պարբերաբար։
Հանրային ռադիոհեռուստաընկերության արխիվից կարողացել ենք ստանալ բոլոր այն տեսանյութերը, որտեղ կադրում Իսահակյանն է։ Դիմել ենք մի քանի գործընկերների, սպասում ենք, որ մեզ պլանշետներ կնվիրեն և դրանց միջոցով այդ տեսանյութերը, որոնք հանրային հեռուստաընկերության ոսկե ֆոնդն են համարվում, հասանելի կլինեն նաև Իսահակյանի թանգարանում»,-ասաց մեր զրուցակիցը։
Նա նաև նշեց, որ QR կոդեր են լինելու պատերին, իսկ պատերից մեկն ունենալու է կենսագրական քարտեզ։
«Յուրաքանչյուր մեկը կորոշի, թե վարպետի կենսագրական որ դրվագի վրա ավելի երկար կանգնելու ցանկություն ունի, կկարողանա QR կոդի միջոցով մտնել այդ բազա, ճամփորդել, ընտրել իր սիրելի տեսանյութը, այդ ժամանակահատվածում գրված բանաստեղծությունը։
Փորձելու ենք ժամանակի մեծագույն արտիստների շուրթերով հնչեցնել իսահակյանական մի քանի գործեր, ունենք նաև Իսահակյանի ձայնով ձայնագրություններ, որոնք մինչ այժմ եղել են թանգարանում, սակայն էքսպոզիցիոն պլանի մեջ՝ որպես այդպիսին չեն եղել։ Հիմա այնպիսի իրադրություն ենք ստեղծելու, որ ինչից խոսենք, օրինակ՝ Բինգյոլը հրաշալի ասմունքում է և Անիի շրջանը պատմող մասում անպայման ունենալու ենք վարպետի ձայնը, որտեղ ինքն է ասմունքում։
Փորձելու ենք վիզուալացնել այն ամենը, ինչ կապված է Իսահակյանի և իր գրական ժառանգության հետ։ Այսինքն էքսպոզիցիայի հիմնական շեշտադրումներից մեկը նաև այն է, որ մարդը ինքնուրույն կարողանա և՛ տեսնել, և՛ լսել, և՛ շոշափել, և՛ զգալ, որովհետև վաղուց ժամանակն է, որ թանգարաններն անցում կատարեն էքսկուրսավարի խոսքից դեպի ինքնուրույն ճամփորդելու հնարավորություն։
Մեծ շեշտադրում լինելու է նաև վերջին տարիներին թանգարան վերադարձած վարպետի նոր կոստյումին, որը ինքը հագնում էր վերջին տարիներին և որպես նոր էքսպոնատ` մոտ երեք տարի առաջ է վերադարձել թանգարան։ Հիմա ցուցադրվում է գրողի աշխատասենյակում, բայց այն վերադառնում է ցուցասրահ և փորձելու ենք այնպիսի իրադրություն ստանալ, որ առաջինն աջ նայող յուրաքանչյուր մեկը տեսնի այդ կոստյումը և զգա վարպետի ներկայությունն այդ թանգարանում։
Տեխնիկական էլի շատ նոր լուծումներ կան, որոնց վրա 3D աշխատողներն են անում, գրաֆիկ դիզայներն ու նկարչի դիզայներները, ցուցափեղկերն են ամբողջապես նոր։
Կետային լուսավորություն է անցկացվելու, որպեսզի շեշտադրումներն ավելի ճիշտ լինեն և գրական ժառանգությանը վերաբերող ցուցանմուշները, որոնք մինչ այժմ թանգարանում չեն, կան գրականության և արվեստի թանգարանում, նաև ստացել ենք, վերցել։ Իհարկե, կրկնօրինակները մեզ չեն տալիս, բայց կրկնօրինակները ստացել ենք և կհայտնվեն եզակի ձեռագրեր, նամակներ, որևէ գործի սևագրեր, որոնք որ գրականության և արվեստի թանգարանից բերվել են և իրենց ներկայությունը կունենան թանգարանում։
Մի քանի շեշտադրումներ կանենք թոնրատանը, որտեղ ծնվել է Իսահակյանը, թոնրի մեջ կամ թոնի շուրջ ավելի խորհրդավոր պատկեր ստանալու համար։ Եվ շատ կարևոր մեկ հանգամանք՝ էքսպոզիցայի մեջ հստակ շեշտադրվում է քաղաքի և Իսահակյանի կապը, հանված են այն բոլոր տողերը, որտեղ ինքը խոսում է քաղաքի մասին, նկարագրում է Գյումրին, միջավայրն է նկարագրում, ստացել ենք ամենատարբեր աղբյուրներից՝ «Կումայրի» թանգարանից, գրականության և արվեստի թանգարանից, այն նկարները, որտեղ ինքն է և Անին, ինքն է ու Գյումրին և այսպիսի տարբեր հարաբերություններ ենք փորձել ստանալ։
Շատ կարևոր է, որ թանգարանից դուրս եկող մարդը զգա, որ ինքը Իսահակյանի ծննդավայրի թանգարանում էր»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ