ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները Տավուշի մարզում հանդիպում են ունեցել սահմանամերձ համայնքների բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը հարց ուղղեց խմբակցության անդամներին, թե ինչպես են նրանք պատրաստվում հաղթել պատերազմում, երբ այս իրավիճակում մարդիկ ոգով պատրաստ չեն հաղթանակի։
«Երբևիցե, ինչ-որ մի միակողմանի զիջման գնալու պայմանը խաղաղության հենք չի կարող հանդիսանալ։ Իշխանությունների 2021թ-ի ծրագրի մեջ նշված է, որ ՀՀ կառավարության անվտանգության ապահովման համար երաշխիք է հանդիսանում խաղաղությունը։ Խաղաղությունը անվտանգության հիմնարար արժեք է, խաղաղությունը երաշխիք չէ։
Անվտանգության բազմաթիվ ձևեր կան,բայց հիմնականը ազգային և միջազգային երաշխիքների ձևավորումն է։ Ազգային երաշխիքը դա քո ուժն է, քո համախմբվածությունը և բանակը։ Դա նաև ոգու ուժն է, որի մասին դուք հարցրեցիք։ Միջազգային երաշխիքները լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականությունն է, խելացի բանակցային գործընթացը։ Այս երկուսի համադրմամբ մենք կարող ենք անվտանգություն ձևավորել»,- հարցին պատասխանելով նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ