Aravot.am-ի տեղեկություններով, կիրակի՝ հոկտեմբերի 23-ին արտառոց միջադեպ է գրանցվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Զբոսանքի ժամանակ՝ զբոսաբակում, պատիժ կրող անձանցից մի քանի հոգի ծեծել ու դանակով հարվածել են 5-րդ մասնաշենքի «զոն նայող» Ա․-ին։ Վերջինիս երեկ տարել են քաղաքացիական հիվանդանոց, վիճակը գնահատվում է բավարար։
Այս պահին «Արմավիր» ՔԿՀ-ում ուժեղացված ծառայություն է իրականացվում, պարզվում են դեպքի պատճառները։
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։ «Տեղի է ունեցել միջադեպ՝ կտրող-ծակող գործիքով, նախաքննական մարմինը զբաղվում է միջադեպի հանգամանքներով»,-ասաց տիկին Նավիկյանը՝ այլ մանրամասներ չներկայացնելով։ Այն հարցին, թե արդյո՞ք տուժողը դեռ հիվանդանոցում է՝ Նոնա Նավիկյանը պատասխանեց, որ «տուժած կալանավորն այժմ «Արմավիր» ՔԿՀ-ում է»։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ