Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի միջանցքի հետ կապված, Իրանի պաշտոնական դիրքորոշումը ամբողջությամբ համընկնում է Հայաստանի ազգային, պետական շահերին». Ստեփան Հասան Ջալալյան

Հոկտեմբեր 24,2022 19:03

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսարանի բացման արարողության ժամանակ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե Իրանը Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը, եւ իր երկրի քաղաքականությունն է՝ հարգել տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ միջազգայնորեն ճանաչված սահմանները: Իսկ նորանշանակ գլխավոր հյուպատոսն էլ հավելել է, որ Կապանի ժողովրդին խորհուրդ կտա չանհանգստանալ, քանի որ իրենք այստեղ են հայ ժողովրդի համար:

Քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է իր գնահատմամբ, շատ կարեւոր այս ուղերձներին: «Ամենեւին չպետք է կարծել, թե այս հայտարարությունները, որոնք հնչել են Իրանի պաշտոնատար անձանց կողմից, առաջին հերթին Հայաստանի ու հայ ժողովրդի համար են անում: Այդպիսի բան չկա, չպիտի ունենալ նման միամտություն: Իրենց այս հայտարարություններով Իրանի ԱԳ նախարարը եւ գլխավոր հյուպատոսը սպասարկում են առաջին հերթին Իրանի ազգային եւ պետական շահերը:

Իսկ ո՞րն է պատմական այս ժամանակաշրջանում Իրանի պետական շահը: Վերջին շրջանում ակտիվ խոսակցություններ են ընթանում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, որի էությունն այն է, որ Ադրբեջանն ուզում է ճանապարհով միանալ Նախիջեւանին: Սրան կտրուկ դեմ է արտահայտվել պաշտոնական Իրանը, ընդհուպ, մինչեւ հոգեւոր առաջնորդի մակարդակով հայտարարելով, որ սա իրենց համար անթույլատրելի է: Սա է պետական շահը, որ Իրանը ամեն գնով պահում է եւ առաջ մղում:

Եթե պատկերացնենք, որ այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը իրականություն է դառնում, Իրանից դեպի Եվրոպա գնացող ճանապարհը, փաստորեն, լուրջ սպառնալիքի տակ է հայտնվում: Իրանը, կարծեք, մեկուսանում է եւ Եվրոպայի հետ կապը ամբողջությամբ կախման մեջ է դրվում թուրք-ադրբեջանական քմահաճույքներից: Դրա համար է, որ Իրանը շատ կոշտ դիմադրություն է ցույց տալիս ոչ միայն հայտարարությունների մակարդակով, այլեւ արդեն զորախումբ է բերել սահման, որն ինտենսիվ զորավարժություններ է անցկացնում: Այդպես նաեւ ցուցադրվում է ուժը, որ հանկարծ թուրք-ադրբեջանական տանդեմը կփորձի ուժով  իրականություն դարձնել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, ապա Իրանը դրան կհակադրի ուժը»,- ասաց քաղաքագետը:

Ստեփան Հասան Ջալալյանը նաեւ նշեց, որ այդ միջանցքը բացելու հետ կապված շահագրգռությունը պայմանավորված է ոչ միայն Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապ ունենալու հանգամանքով, այլեւ այստեղ մի խնդիր էլ կա: «2023 թվականին Թուրքիայում նախատեսված են նախագահական ընտրություններ: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայում ցեղասպան սուլթան Ռեջեփ Էրդողանը ունի շատ ցածր վարկանիշ. ընդհուպ՝ 30 տոկոսից էլ ցածր: Ահա սրանով է պայմանավորված այն շահագրգռությունը, Էրդողանի շտապողականությունը, որպեսզի դրանով իր ձեռքում ունենա հաղթաթուղթ՝ բարձրացնելու իր հեղինակությունը, վարկանիշը:

Զանգեզուրի միջանցքի հետ կապված, այսօր Իրանի պաշտոնական դիրքորոշումը ամբողջությամբ համընկնում է Հայաստանի ազգային, պետական շահերի հետ, եւ մենք այս առումով պետք է ինտենսիվ փոխգործակցության մեջ գտնվենք Իրանի հետ:»,-ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31