«Սևանա լճի արևելյան ափը վաղ բրոնզի դարում», «Բարձրաքաշ վանական համալիրի 2021 թ. հնագիտական աշխատանքների արդյունքները», «Հայաստանի օդապարուկները», «Կուրարաքսյան Միջագետքի ուշբրոնզեդարյան կառքային համալիրը։..», «Թանգարանային ֆոտո սկզբնաղբյուրների որոշարկմանն առնչվող որոշ հարցերի շուրջ», «Ճանապարհ դեպի տաճար. ճարտարապետական բեկորների նույնականացման և հաշվառման աշխատանքները Զվարթնոցում» մինչև «Մարդաբանական նյութերի պահպանության և թանգարայնացման առանձնահատկությունները»: Սրանք ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ 2022թ. հոկտեմբերի 21-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում անցկացված «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովի զեկուցումներից են: Ներկայացված էին պատմություն, հնագիտություն, ազգագրություն, բանահյուսություն, վիմագրություն, ճարտարապետություն, արվեստաբանություն, թանգարանագիտություն և այլ ոլորտներ։
Գիտաժողովին մասնակցում էին՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պատմության թանգարանը, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը, Հայաստանի ազգագրության թանգարանը», Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը:
Պլենար զեկույցով հանդես եկավ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը: Միջազգային գիտաժողովն անցկացվում էր առանձնացված սրահներում՝ առաջին սրահում հնագիտություն և վիմագրություն, երկրորդ սրահում՝ թանգարանագիտություն, ազգագրություն, պատմություն:
ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, պ.գ.թ., Բենիկ Վարդանյանը ներկայացրեց Կուրարաքսյան միջագետքի մի շարք հնահանրություններում առանձնաշնորհյալների թաղումներում կիրառվող անվավոր փոխադրամիջոցները։
Բենիկ Վարդանյան ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, պ.գ.թ.– Ուշբրոնզեդարյան կառքերի համալիրների հնագիտորեն վկայված ավելի քան 30 օրինակները Կուրարաքսյան միջագետքը դարձնում են կառքերի կուտակման, զարգացման տարածաշրջանի խոշորագույն կենտրոն։ Հանդես գալով իշխանության խորհրդանիշ և օգտագործվելով համայնքների ռազմական և քրմական գործառույթներով օժտված առանձնաշնորհյալների թաղումներում, կառքերը միաժամանակ ցույց էին տալիս առաջավոր և փոքրասիական հնահանրությունների հետ ունեցած գործուն կապերը, միաժամանակ հանդես գալով տեխնոլոգիաների և գաղափարների տարածման միջնորդ:
Կարդացեք նաև
Մարդաբանական նյութերի պահպանության և թանգարայնացման առանձնահատկությունների մասին զեկույցով հանդես եկավ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը:
Հասմիկ Սիմոնյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան -Մեր ՊՈԱԿ-ի գիտաշխատողների շուրջ 15 տարվա երազանքն է ունենալ մարդաբանական ցուցադրություն նախնիների հիվանդությունների թեմայով, որը դեռ մնում է երազանք, սակայն մենք շարունակում ենք մեր ամենօրյա աշխատանքը մեր երազանքը իրականություն դարձնելու ուղղությամբ:
Թանգարանների կարևոր խնդիրների և դրանց լուծման առաջարկներով հանդես եկավ պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ, Լիաննա Գևորգյանը, ընդգծեց՝ թանգարանային առարկաների ատրիբուցիայի` գիտական նկարագրության միասնականացումն ու համընդհանուր չափանիշերի, ինչպես նաև տեղեկատվական միասնական շտեմարանի ստեղծումն անհրաժեշտություն է: Դրանց բացակայությունը խոչընդոտում է միջթանգարանային տեղեկատվության փոխանակմանն ու փոխըմբռնմանը: Այդ համատեքստում դիտարկվում է ֆոտո սկզբնաղբյուրների գիտական նկարագրության միասնական համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տարբեր հավաքածուներում պահվող ֆոտո նյութի համակողմանի ուսումնասիրությունը կհանգեցնի միասնական դաշտեր պարունակող ընդհանուր վկայագրի ստեղծմանը, ինչը հրապարակելու դեպքում, ցանկացած հավաքածուի ֆոտո նյութը սկզբնաղբյուր կդարձնի ճարտարապետական, հնագիտական, ազգագրական, պատմական, մշակութաբանական ուսումնասիրությունների համար:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
պետական ոչ առևտրային կազմակերպություն