Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահրամ Դումանյանը և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը քննարկել են կրթական և մշակութային համագործակցության նոր հնարավորությունները

Հոկտեմբեր 24,2022 17:55

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է դեսպան Չեպլակին և համոզմունք հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությամբ կնպաստի հայ-լեհական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը:
«Լեհաստանի հետ բարեկամական լավ հարաբերություններ ունենք և շատ ենք կարևորում մեր համագործակցությունը տարբեր ուղղություններով»,- ասել է Վահրամ Դումանյանը՝ մասնավորապես շեշտելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, գիտության, կրթության և սպորտի բնագավառներում 2022-2026 թվականների» համագործակցության ծրագրի մշակումը, որի նախագիծն ամփոփիչ փուլում է:

Ծրագիրը ներառում է նաև համալսարանական կրթաթոշակային ծրագիր իրականացնելու հնարավորությունը, ինչը կողմերը հատուկ կարևորել են՝ ընդգծելով, որ ուսանողների փոխանակումը կրթական համագործակցության և միջմշակութային երկխոսության լավագույն դրսևորւմներից է:
Դեսպան Պավել Չեպլակը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար՝ նշելով, որ լեհական կողմը ևս հետաքրքրված է երկու երկրների միջև մշակույթի, գիտության, կրթության և սպորտի բնագավառներում 2022-2026 թվականների գործնական ծրագրի իրագործմամբ՝ հույս հայտնելով, որ համագործակցության պայմանագիրը կստորագրվի ամենասեղմ ժամկետում:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի առաջարկով քննարկվել է ՀՀ Գիտության կոմիտեի և Լեհաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարության համակարգում գործող Գիտության ազգային կենտրոնի հետ համագործակցային կապերի հաստատման, Լեհաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության կառավարման ոլորտի մասնագետների փորձի փոխանակման հնարավորությունները: Քննարկվել է նաև Վարշավայի համալսարանում հայագիտական կենտրոն ստեղծելու առաջարկը, որը միջբուհական համագործակցության զարգացման նոր խթան կհանդիսանա:

Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այսօր օտարերկրյա 9 պետությունների 11 համալսարաններում հայոց լեզվի, հայ մշակույթի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիր է իրականացվում, և այդ ցանկի ընդլայնումը ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթություններից է:

Անդրադառնալով մշակութային համագործակցության հեռանկարներին՝ կողմերը քննարկել են 2023 թվականին Լեհաստանում հայ մշակույթի օրերի անցկացման հնարավորությունը և դրա շրջանակում ժամանակակից արվեստի ցուցահանդես և տարազների ցուցահանդես կազմակերպելու հարցը: Հաշվի առնելով, որ 2023 թվականին լրանում է հայ կինոյի 100-ամյակը՝ նախարար Վահրամ Դումանյանը լեհ գործընկերոջն առաջարկել է Լեհաստանի մշակույթի նախարարությանը ներկայացնել Վարշավայում և Կրակովում հայկական կինոյի շաբաթ կազմակերպելու առաջարկը:

Դեսպան Պավել Չեպլակը բարձր է գնահատել հայկական կողմի առաջարկությունները՝ պատրաստակամություն հայտնելով հետամուտ լինել դրանց իրականացմանը:

Դեսպանը նաև հայտնել է, որ Լեհաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը նախատեսում է 2022 թվականի նոյեմբերին կազմակերպել «Ընդդեմ ավազների. Մեծամորի հայ-լեհական արշավախումբը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի նպատակն է ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա այցելուներին ներկայացնել Մեծամորի հնավայրում հայ-լեհական արշավախմբի 11 տարվա հնագիտական աշխատանքների արդյունքները:

ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ նշելով, որ հայկական կողմն այս առումով ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում՝ և Լեհաստանի աջակցությունը, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց և աղավաղելուց:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31