Ռազմավարությունը գրեթե չի անդրադարձել առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովմանը աշխատավայրերում, մանավանդ որ ռազմավարությունը մշակվել է արժանապատիվ աշխատանքի ծրագրի տրամաբանության մեջ: Այս մասին այսօր նշեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը՝ Մեդիա կենտրոնի կազմակերպած «Պաշտպանվա՞ծ է աշխատանքային իրավունքը Աշխատանքի պաշտպանության նոր ռազմավարությամբ» թեմայով քննարկման ժամանակ:
«Կարծում եմ, որ այս առումով անելիք ունենք, մանավանդ որ համավարակն էլ ցույց տվեց, որ առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման գործում շատ մեծ անելիք ունենք: Մենք չունենք նաև աշխատատեղի ատեստավորման կարգը, որը ևս առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների հետ է կապված: Եվ ամենակարևորը՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության 110-րդ կոնֆերանսի ժամանակ, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ԱՄԿ 2 կոնվենցիաներ դարձան հիմնարար կոնվենցիաներ, ցավոք Հայաստանը դեռևս չի վավերացրել այս կոնվենցիաները, բայց այդ կոնվենցիաները պարտադիր են մեզ համար, քանի որ այդ կոնվենցիաները հիմնարար են: Կարծում եմ այս իմաստով էլ ռազմավարությունը պետք է անդրադարձ կատարի»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրած բոլոր խնդիրների հիմքում տեսավ իրազեկվածության բարձրացման խնդիրը, քանի որ իր խոսքով՝ սա ներքին աշխատանքային լեզվով ասած «աբրուելա» ռազմավարություն է, որը կարգավորում է բոլոր խնդիրները:
Անդրադառնալով, աշխատանքի, զբաղվածության բլոկին, նա ընդգծեց. «Աղքատությունը տնտեսության ակտիվացման և զբաղվածության մեխանիզմների ապահովման միջոցով է հաղթահարվելու՝ այստեղ (ռազմավարությունում) դրված է աշխատանքի իրավունքի ապահովման հարցը: Ռազմավարությամբ նշված է արժանապատիվ աշխատանքի իրացման ապահովման խնդիրների լուծումները: Արդեն իսկ մշակման փուլում է Աշխատանքային օրենսգրքի խոշոր փաթեթը, որը ևս կներկայացվի հանրային քննարկմանը»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից