Նոյեմբերյանի Կողբի մշակույթի կենտրոնում ներկայացման պրեմիերա էր։ Լիանա Անթառանյանի «Սարերում կյանք կա» պիեսը Կողբի Մշակույթի կենտրոնի ղեկավար Սասուն Մուրադյանի բեմական լուծումներով Նոյեմբերյանի հանդիսատեսին հայրենի հողից ամուր կառչելու, միմյանց թիկունք կանգնելու կոչ է անում։
Ներկայացման ընթացքում կարմիր թելի պես անցնում են մեր կյանքում հանդիպող բոլոր խնդիրները՝ պատերազմ, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակ, արտագաղթ։ Բեմադրող-ռեժիսորը՝ Սասուն Մուրադյանը, նշում է՝ իրենք ներկայացմամբ փորձել են ճեղքել հուսահատության պատը, մարդկանց համոզել՝ միմյանց թիկունք կանգնելով և դժվարության աչքերին նայելով՝ հնարավոր է լուծել մեր բոլոր խնդիրները։
«Պետք է համախմբվել , միմյանց թիկունք կանգնել։ Ամբողջ ներկայացումը տուն դարձի կանչ է՝ ծնողի, հայրենիքի կողմից՝ ուղղված բոլորին»,- ասում է նա։
Կարդացեք նաև
Սասուն Մուրադյանի խոսքով՝ ներկայացումը բեմադրվել է «Կողբ» հիմնադրամի հովանավորությամբ և Նոյեմբերյանի համայնքապետարանի աջակցությամբ։ Դերասանական կազմն ամբողջությամբ Կողբի Մշակույթի կենտրոնի թատերախումբն է։ Ըստ բեմադրող-ռեժիսորի՝ իրենք ներկայացումը նվիրել են հայրենիքի պաշտպաններին՝ թե՛ հավերժացածներին, թե՛ մեր կողքին ապրողներին։
«Մշակույթի զարգացումը հատկապես սահմանի բնակչի համար կարևորագույն հարց է։ Հպարտությամբ պետք է նշեմ, որ նոյեմբերյանցին միշտ է հնարավորություն ունեցել առնչվել արվեստի հետ, այստեղ միշտ բեմադրվել են տարբեր ներկայացումներ, կազմակերպվել են մշակութային տարբեր միջոցառումներ։ Միայն վերջին տարիներին է, որ ցավոք, երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մշակութային կյանքը փոքր-ինչ պասիվացել է։ «Սարերում կյանք կա»-ի բեմ բարձրանալը արդեն հույս արթնացրեց, որ նորից կվերադառնանք մեր նախկին մշակութային կյանքի ռիթմին»,- նշում է նա, ապա հավելում, որ հատուկ շնորհակալություն պետք է հայտնել իրենց համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանին՝ մշակույթին ու արվեստին մեծ ուշադրություն դարձնելու համար։ Սասուն Մուրադյանը նաև հույս է հայտնում, որ խաղաղություն կլինի, և իրենք կկարողանան նոր փորձեր անել, նոր ներկայացումներ բեմադրել։
Ներկայացման պրեմիերային ներկա էր նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։ Նա իր խոսքում նախ խաղաղություն մաղթեց մեր երկրին, հետո հավելեց․ «Մշակույթը նախևառաջ պետք է սահմանին պահել և այդկերպ ոգևորել մեր հայրենակիցներին, որ շարունակեն ապրել և իրենց ներկայությամբ պաշտպանեն իրենց տունը, մեր հայրենիքը»։
Մամուլի հաղորդագրություն